211652_close_icon
views-count3793 դիտում article-date 13:44 25-05-2017

Սնանկացման գործընթացում պետք է շատ կոշտ կերպով մտցնենք որոշակի համակարգ ու խաղի կանոններ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն՝ ուղղված սնանկության վարույթներին: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 միլիարդ դրամի հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: «Չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրանքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե՛ վարչարարության կազմակերպման, թե՛ օրենսդրության, թե՛ սնանկության բնութագրիչների բացահայտման, թե՛ այլ խնդիրներով»,-ասաց նա: Կարեն Կարապետյանը խնդրահարույց համարեց, որ հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված: «Հաշվի առնելով այս ամենը՝ հանձնարարում եմ ՊԵԿ նախագահին 2 ամիսների ընթացքում ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն, միաժամանակ ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ-ի գործիքակազմ»,- ասաց նա: Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարողին 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել ու ներկայացնել «Սնանկության» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկներ, անդրադարձ կատարել սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը՝ սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացմամբ և այլ առաջնահերթ հիմնախնդիրների շուրջ, ԴԱՀԿ-ի կողմից հարկային վարույթի տևողության և այլ գործնական օրենսդրական խոչընդոտների վերացման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել Կառավարության աշխատակազմ: «Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր