211652_close_icon
views-count2086 դիտում article-date 16:20 23-05-2017

Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի գլխավորած պատվիրակությանը: Երկու երկրների պաշտոնյաները կարճատև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Մահմուդ Հոջջաթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` պատրաստակամություն հայտնելով զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում: Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխգործակցության զարգացման հիմնահարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը և վերջին տարիներին իրականացված աշխատանքները` միևնույն ժամանակ նշելով, որ առկա ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում: «Մենք կարևորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը և պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ: Կարևոր եմ համարում երկու երկրների գործարարներին ներկայացնել գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի այն ճյուղերը, որոնք գրավիչ են առևտրատնտեսական կապերի զարգացման, ներդրումների համար: Առանձնակի ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքին, որով պայմանավորված իրանական կողմը հնարավորություն կունենա արտահանել Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵՏՄ շուկա»,- նշել է Իգնատի Առաքելյանը: Իգնատի Առաքելյանի խոսքով` գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ կան բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ Իրանի գյուղատնտեսության նախարարության պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար, կնպաստի առևտրատնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը: Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին իր ելույթում համառոտ ներկայացրել է Իրանի գյուղատնտեսության ներկա իրավիճակը, զարգացման գերակա ուղղությունները` ընդգծելով, որ ունեն մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում, մասնավորապես անասնապահության, այգեգործության, անտառաբուծության և ձկնաբուծության ոլորտներում իրենց փորձն ու գիտելիքները ներկայացնելու հայ գործընկերներին: Պատրաստակամություն հայտնելով սերտացնելու Հայաստանի հետ համագործակցությունը` Իրանի գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է. «Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի և ԵՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև և ապրանքների արտահանման, և ներմուծման առումով: Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու և արտահանելու համար: Կարծում եմ, սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև համագործակցությունն առավել սերտացնելու և զարգացնելու համար»: Հանդիպման արդյունքներով` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հարցերով: Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին», որով կկարգավորվի բույսերի պաշտպանության, բույսերի և բուսական արտադրանքին առնչվող վնասակար օրգանիզմների վերահսկման բնագավառը, երկրների տարածք ներթափանցման և տարածման վերահսկումն ու կանխարգելումը:

Նմանատիպ նյութեր