Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով` մարտի 6-7-ը, Վրաստանում էր:
Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին:
Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են նոտարական համակարգի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում: Նախարարները կարևորելով հուշագրի ստորագրումը՝ փաստել են, որ այն վերջին 15 տարիների առաջին համատեղ ծրագրային փաստաթուղթն է: Առավել մեծ կարևորություն է տրվել հուշագրից բխող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև համատեղ աշխատանքային օրակարգի հաստատման պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում գործընկերները շեշտել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության կարևորությունը, ինչը խթանելու է դատաիրավական ոլորտի զարգացումն ու դրա հետագա կատարելագործումը:
Նախարարները գլխավոր առաջնահերթություն են համարել արդարադատության համակարգերում փորձի փոխանակումը՝ ընդգծելով բաց համագործակցության անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա պրակտիկայում բացառել միմյանց սխալների կրկնությունը: