211652_close_icon
views-count11493 դիտում article-date 15:13 23-05-2017

Մաշկի չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն են

Մաշկի չարորակ նորագոյացությունները (ՄՉՆ)` ուռուցքային ախտաբանության կառուցվածքում զբաղեցնում են առաջին տեղը։ Ամեն տարի աշխարհում արձանագրվում է ՄՉՆ-ի մոտ 3 մլն դեպք, որից 132.000-ը` մաշկային մելանոմա։ Մելանոման, կազմելով չարորակ ուռուցքների 1%-ը, հանդիսանում է մահացության ամենահաճախ հանդիպող պատճառը: Հայաստանում 2005թ. արձանագրվել է մելանոմայի 368 դեպք։ Այնուհետև, շարունակաբար աճելով, 2016-ին այս ցուցանիշը հասել է 502-ի։ Մելանոման կարող է զարգանալ մարմնի ցանկացած հատվածում՝ ներառյալ գլուխ, պարանոց, սեռական օրգաններ, վերջույթներ: Որոշ դեպքերում մելանոմաները լինում են չգունակավորված և կոչվում են ամելանոտիկ (ոչ պիգմենտային) մելանոմաներ: Վաղ հայտնաբերման դեպքում մելանոման հնարավոր է վիրաբուժական եղանակով ամբողջությամբ հեռացնել։ Սակայն, այն համարվում է մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր ձևը: Մելանոման կարող է ներաճել մաշկի խորը շերտեր՝ ինվազիվ մելանոմա, և տարածվելով արյան ու ավշի հոսքով, առաջացնել մետաստազներ: Մելանոմայի ախտորոշումը բավականին բարդ է։ Թեև այն պատկանում է, այսպես կոչված, տեսանելի ուռուցքների թվին, այնուամենայնիվ, ոչ ճիշտ ախտորոշումների ցուցանիշը մնում է բարձր։ Վաղ հայտնաբերման և ախտորոշման համար լայնորեն կիրառվում է ժամանակակից դերմատոսկոպիկ հետազոտությունը, որը հնարավորություն է ընձեռում հստակեցնել մաշկային հիվանդությունների ախտորոշումը։ Նշենք, որ մայիսը հռչակված է մելանոմայի դեմ պայքարի ամիս։ Ողջ աշխարհում այդ ընթացքում իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ: Հաշվի առնելով նաև Հայաստանում մելանոմայի թողարկման գլխավոր մեխանիզմի՝ անդրմանուշակագույն (ուլտրամանուշակագույն) ճառագայթների գումարային «թույլատրելի» չափաքանակի գերազանցման բարձր ռիսկայնությունը՝ ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնը մայիսի 20-ը հայտարարել էր մելանոմայի վաղ հայտնաբերման ու ախտորոշման օր։ Այդ օրը դիմած 18 այցելուին կենտրոնի բժիշկները տրամադրել են անվճար խորհրդատվություն։ Ըստ ցուցումների դիմողներից 7-ին կատարվել է դերմատոսկոպիկ հետազոտություն 50 % զեղչով: Նշենք, որ ռիսկի գործոն է համարվում այն ամենը, ինչը մեծացնում է հիվանդության առաջացման հավանականությունը: Դրանք են` արևի ճառագայթները, բաց գույնի մաշկը, շեկ կամ կարմիր մազերը, կապույտ աչքերը։ Բարձր ռիսկի խմբում են պեպեններ ունեցող անձիք, քանզի առավել հակված են արևային այրվածքների առաջացման։ Ռիսկը մեծացնում են նաև մեծաքանակ և անսովոր խալերը, ժառանգականությունը, ընտանեկան պատմությունը, 50-ից բարձր տարիքը։ Իսկ ընկճված իմուն համակարգը մեծացնում է մաշկի քաղցկեղի ցանկացած տեսակի զարգացման ռիսկը։ Մելանոմայի վաղ նշաններից է առկա կամ նոր առաջացած խալի ձևի, չափսի, գույնի կամ զգացողության փոփոխությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է շուտափույթ դիմել մասնագետին։ Հիշենք, որ վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն են։

Նմանատիպ նյութեր