5493 դիտում
12:23 22-05-2017
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Կաննի կինոշուկայում քննարկել է իր հաջորդ ֆիլմի հետ կապված մանրամասներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ Ջիվան Ավետիսյանը, մասնակցելով Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկային, այս օրերին մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Այս անգամ Ջիվան Ավետիսյանը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են՝ Արտավազդ Եղիազարյանն ու Մկո Մալխասյանը)։ Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական կինոարտադրող, ինչպես նաև տարբեր համաշխարհային դիստրիբյուտորական ընկերությունների հետ։
Խոսելով նոր ֆիլմի մասին՝ ռեժիսորը, մասնավորապես, նշել է. «Դեռևս վաղ է խոսել դերասանական և ստեղծագործական կազմի, համարտադրողների և դիստրիբյուտորական ընկերությունների մասին: Սակայն գոհունակությամբ կարող եմ ասել, որ ինչպես արդյունավետ էր փետրվարին Բեռլինի կինոշուկայում ներկայանալը, այնպես էլ, որպես այդ պրոցեսի շարունակություն, հաջողված է Կաննի կինոշուկայում մեր ներկայությունը։ Ընդամենը ազնիվ և հետևողական աշխատանքով կարող ենք հասնել մեր բաղձալի ցանկությանը»։
Կաննի կինոշուկայում աշխատանքներ են տարվում նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուտորի՝ «Գալոփինգ ֆիլմս»-ի հետ միասին՝ դիստրիբյուցիայի ընդլայնման ուղղությամբ։
Միջազգային այս կինոփառատոնին մասնակցությունից հետո կհաջորդի «Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբը՝ Հոլանդիայում (Ալեմլո՝ մայիսի 26, Ամստերդամ՝ մայիսի 27), Ֆինլանդիայում (Հելսինկի՝ մայիսի 30) և Շվեդիայում (Ստոկհոլմ՝ հունիսի 2, Ուփսալա՝ հունիսի 4), որոնց ռեժիսորն անձամբ ներկա կլինի։
--------
«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։
«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
8720 դիտում
22:46 03-04-2017
Այս տարի առաջին անգամ Հայաստանը կներկայանա Կաննի կինոշուկայում
1229 դիտում
22:16 22-05-2019
Կաննի կինոփառատոնում կայացել Է Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմի շնորհանդեսը
Այս բաժնից
619 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
505 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
730 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am