211652_close_icon
views-count1030 դիտում article-date 12:59 16-05-2017

Մեր երիտասարդները պատվախնդիր են՝ արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով. Գալուստ Սահակյանի ուղերձը՝ ուսանողներին

Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որում ասվւմ է. «Սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ: Երիտասարդությունը քաղաքական ու քաղաքացիական ակտիվության յուրատեսակ ցուցիչ է: Շնորհիվ մեր երիտասարդների ու ուսանողների` մեզանում այդ ցուցիչը բավականին բարձր է, որովհետեւ երիտասարդ սերունդը վճռորոշ մասնակցություն է ցուցաբերում թե' անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, թե' հասարակական հարթակներում եւ թե' քաղաքական գործընթացներում: Այն բարձունքները, որոնք նվաճում է երիտասարդությունը կրթական ու գիտական, աշխատանքային ու հասարակական-քաղաքական ոլորտներում եւ, իհարկե, զինվորական ծառայության ընթացքում ու մասնավորապես սահմանային առաջնագծում, չափազանց կարեւոր են մեր երկրի կյանքում: Այն սահմանները, որ պաշտպանում է երիտասարդությունն իր գործունեությամբ եւ հաճախ նաեւ կյանքով՝ պետական, արդարության, ժողովրդավարության սահմանները, կենսական են հասարակության ու պետության համար: Այս բոլոր ճակատներում եւ գործընթացներում մեր երիտասարդները պատվախնդիր են՝ արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով: Համոզված եմ, որ այսպիսի երիտասարդությամբ մեզ սպասում է հենց այն ապագան, որը մեր նպատակակետն է որպես հայրենիքի արժեքն իմացող քաղաքացի, որպես խաղաղ զարգացման ճանապարհն ընտրած պետություն, որպես հաստատակամ ու հաղթող ժողովուրդ: Եւս մեկ անգամ շնորհավորելով Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ, լավատեսություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ եւ շարունակական հաղթանակներ»:

Նմանատիպ նյութեր