211652_close_icon
views-count2040 դիտում article-date 15:43 15-05-2017

Զալցբուրգի համալսարանում տեղի է ունեցել հայագիտությանը նվիրված գիտական կոնֆերանս. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 12-ին Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ §Հայագիտության օր¦ խորագրով գիտական կոնֆերանս, որին մասնակցեց Ավստրիայում ՀՀ դեսպանությունը: Այն կազմակերպել էր Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնը՝ հայագիտության ամբիոնի վարիչ Յասմին Դում-Թրագուտի գլխավորությամբ և Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ: Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համալսարանի ռեկտորի անունից բացման խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Ֆաթմա Ֆերեյրա-Բրիզման, ով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ունկնդիրներին և ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի կողմից քրիստոնեական Արևելքի ուսումնասիրությանը և, մասնավորապես, հայագիտության ուղղությամբ տարվող հետևողական քաղաքականությունը: Այնուհետև, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ուղերձը, որում ՀՀ դեսպանը շնորահակալություն էր հայտնել ինչպես համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտության նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու, այդպես էլ այդ գիտական հավաքն իր հյուրընկալ տանիքի տակ ընդունելու համար: ՀՀ դեսպանը հատուկ առանձնացրել էր հայագիտության ոլորտում բազմաբովանդակ գիտական նախագծերի մեջ առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկնող պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի՝ եվրոպական հայագիտության մեջ ունեցած մեծ ներդրումը: Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ, հետազոտողներ Ավստրիայի և եվրոպական այլ երկրների տարբեր համալսարաններից, ԱՄՆ-ից (Միչիգանի համալսարան), Ավստրալիայից (Սիդնեյի համալսարան), ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում գտնվող ԵՄ «Erasmus+» դասախոսների փոխանակման ծրագրով ԵՊՀ-ի գործուղաված արևելագիտական ֆակուլտետի դասախոսներ, որոնք իրենց ելույթներում արծարծեցին հայագիտական թեմաների լայն շրջանակ: Գիտական քննարկումների ավարտից հետո աստվածաբանական ֆակուլտետի մատուռում Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու քահանա տեր Անդրեաս Իսախանյանը մատուցեց հայկական ժամերգության կարգ՝ հայկական հոգևոր երգերի ուղեկցությամբ: Գիտաժողովի մասնակցիների և ունկնդիրների համար Ավստրիայում ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց ընդունելություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր