Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:
Ողջունելով հյուրերին՝ խորհդարանի նախագահը կարևորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդույթ դարձած այցը Արցախ:
«Այստեղ լինելով՝ դուք հնարավորություն եք ստանում ներսից զգալու Արցախը և ստանալու Արցախին վերաբերող այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք պետք է կիրառեք դիվանագիտական գործունեության ընթացքում»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Այնուհետև խորհրդարանի ղեկավարը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է Արցախի օրենսդիր մարմնի անցած ճանապարհը, անդրադարձել 6-րդ գումարման Ազգային ժողովի կազմին, կառուցվածքին, քաղաքական ներկայացվածությանը և մի շարք առանձնահատկությունների:
Աշոտ Ղուլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը ժամանակակից միջազգային հարաբերություններում, մասնավորապես անկախության ձգտող երկրների համար: Այս համատեքստում ապագա դիվանագետները ծանոթացել են ԱՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության և այլ երկրների խորհրդարանների հետ ունեցած միջխորհրդարանական հարաբերություններին:
Պատասխանելով հյուրերի հարցերին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է Արցախի նոր Սահմանադրությամբ նախատեսված նախագահական կառավարման համակարգի առանձնահատկություններին, խորհրդարանում քաղաքական բազմակարծության մակարդակին, ինչպես նաև Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը:
[b]
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]