211652_close_icon
views-count10864 դիտում article-date 21:45 06-05-2017

Վարչապետը ծանոթացել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր: Զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված, մասնավորապես, թերբեռնված է 33,7, գերբեռնված՝ 35,8 տոկոսը: Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3 տոկոս: Այս համատեքստում, ընդգծվել է, որ դպրոցներում ունենք համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր: Արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Պատասխանատուները նշել են, որ առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, միաժամանակ ավելացրել, որ ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450: Վարչապետը ողջունել է դպրոցական համակարգը թվայնացնելու աշխատանքը և ուսոմնասիրությունը և գործողությունները շատ ավելի հեշտանում են: «Բայց եթե համարում ենք, որ օպտիմալն աշակերտների 450 թիվն է, ինչո՞ւ ենք փուլ առ փուլ գնում դրան: Անհատական դեպքերում, հիմնականում քաղաքներում, եթե ունենանք հեռավորության խնդիր, ապա այդ թիվը կվերանայենք: Մենք ունենք հետևյալ խնդրի լուծման անհրաժեշտությունը. կրթության վրա ծախսում ենք միջոցներ, գիտենք, որ դրանք քիչ են, բայց այդ պարագայում ևս ունենք ոչ օպտիմալ ծախսեր՝ բաշխվածության, հաստատուն ծախսերի պատճառով և այլն: Այս առումով, պետք է ունենանք պետական ծրագիր, տեսլական և ըստ դրա գնանք առաջ: Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում և տնտեսված միջոցները որպես բոնուս ուղղել ուսուցիչների աշխատավարձերի, սահմանամերձ գոտիներում աշխատավարձի գործակիցների բարձրացմանը, տարբեր խնդիրների լուծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել վերանայել հաշվարկներն ու ծրագիրը ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև դպրոցական համակարգում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության նորմատիվի և ստանդարտների հստակ սահմանումը: Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես, «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, որով նախատեսվում է ներդրնել կրթակարգի նոր սկզբունքներ, անցնել կրթական նոր չափորոշիչների, իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, վերանայել դասագրքերը, ներդնել օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ և այլն: Ծրագրվում է 2018 թվականից ստեղծել նաև ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցների ցանց, որտեղ կապահովվի չորս հիմնական առարկայի խորացված ուսուցում: Ցանցում ընդգրկված դպրոցներում կներդրվեն ժամանակակից լաբորատորիաներ, կիրականացվեն ինժեներական ծրագրեր: Հանդիպմանը զեկուցվել է նաև հանրակրթական դպրոցներում ձեռներեցության և ֆինանսական կրթության առարկաների ներդրման մասին: Նշվել է, որ ընտրվել են թեմատիկ ուղղությունները և միջազգային փորձագետների օժանդակությամբ մշակվել հինգ առարկաների ծրագրային նախագծերը: Առարկաները գալիք ուսումնական տարվանից դասավանդվելու են 2-12-րդ դասարանների աշակերտների համար: Անդրադառնալով այս հարցին՝ վարչապետն ընդգծել է. «Ես վստահ եմ, որ եթե ցանկանում ենք ունենալ զարգացող երկիր, մաքսիմալ պետք է դպրոցներում փորձենք գտնել ձեռներեցության, ֆինանսական կրթության լուծումներ: Այս առարկաներն աշակերտների մոտ առաջացնում են հետաքրքրություն և մոտիվացիա, որպեսզի նրանք ժամանակակից աշխարհ մուտք գործելուց առաջ իմանան անհրաժեշտ հայտանիշեր»: Քննարկվել են նաև ավարտական միասնական քննությունների բարեփոխումներին, ուսուցիչների որակի բարձրացմանը, դպրոցական սնունդ ծրագրերին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հատկապես գյուղական համայնքների դպրոցներում, որտեղ առկա է ուսուցիչների պակասի խնդիր, շարունակվում է ինտերակտիվ դասընթացների անցկացումը: Մՙիջին մասնագիտական և արհեստագործական կրթության ուղղությամբ ևս նախատեսվում են զարգացման ծրագրեր, մասնավորապես, Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում ստեղծվելու է գյուղատնտեսական մասնագիտությունների համար նախատեսված ժամանակակից 8 քոլեջ: Ծրագրի նպատակով կներդրվի 13 մլն եվրո: Այս համակարգում ևս իրականացվում են օպտիմալացման ծրագրեր. արդյունքում կտնտեսվի 42 մլն դրամ: Հանդիպմանը ներկայացվել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել և կառավարությանն է ներկայացվել Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բուհերի գործունեության լիցենզիայի տրամադրման պայմանների խստացում, հստակ ժամկետների սահմանում, ծրագրային հավատարմագրում, բուհերի ինքնավարության բարձրացում, բուհերի ղեկավար կազմի տարիքային սահմանափակում, կրթաթոշակների մեխանիզմների փոփոխություն և այլն: Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել լավագույն փորձերը և ներկայացնել ժամանակակից մոդելի ներդրման առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության զարգացման ճիշտ ուղու սահմանումը և նշել. «Ես համոզված եմ, եթե մենք լավ կրթական համակարգ չունենանք, վաղը լավ երկիր չենք ունենալու: Սա փաստ է: Այս առումով չափազանց անհանգիստ եմ, որ ճիշտ ուղղությամբ գնանք»:

Նմանատիպ նյութեր