Կայացավ ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման արարողությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում երեկ կայացավ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Լինելով ամենասպասված օլիմպիադաներից մեկը՝ շախմատի օլիմպիադան արդեն 11-րդ անգամ է անցկացվում: Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2006 թվականին: Այս տարի օլիմպիադային մասնակցում են 72 աշակերտներ՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից: Շախմատի 11-րդ օլիմպիադան կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում:
Բացման արարողության մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Բացման արարողության ընթացքում ցուցադրվեց օլիմպիադայի 10 տարվա պատմությունը պատմող ֆիլմ: Այնուհետև ՀՀ դպրոցականների Շախմատի 11-րդ օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը ներկայացրեց մրցաշարի անցկացման կարգը և կատարեց թիմերի միջև վիճակահանությունը: