8552 դիտում
21:38 26-04-2017
ԱՊՀ երկրների 12-րդ Երիտասարդական Դելփյան խաղերում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մեդալների և դիպլոմների
2017 թվականի ապրիլի 18-23-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել են ԱՊՀ երկրների 12-րդ Երիտասարդական Դելփյան խաղերը:
Խաղերին մասնակցում էին պատվիրակություններ՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և այլն:
Խաղերին կարող էին մասնակցել 10-25 տարեկան շնորհալի պատանիներ և երիտասարդներ: Խաղերն անցկացվել են 17 անվանակարգերում:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը և թիմային հաշվարկով արժանացել պատվավոր տեղերի:
Հայաստանն այս յուրահատուկ ստուգատեսին մասնակցել է 46 հոգուց կազմված պատվիրակությունով, այդ թվում, 29 մասնակից` 11 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգեցողություն, Էստրադային երգեցողություն, Ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ), ժյուրիի 5 անդամ, 2 հայաստանյան Դելփյան կոմիտեի ներկայացուցիչ, 4 նվագակցող, 1 կրկեսային խմբի ղեկավար, 5 ուղեկցող:
Հայաստանի պատվիրակությունից խաղերի միջազգային հանձնաժողովներում ընդգրկված էին` Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Ավետիք Ավեստիսյանը (կերպարվեստ), Նունե Բադալյանը (ակադեմիական երգեցողություն), Մարգարիտ Շահինյանը (ժողովրդական երգեցողություն), Ծովինար Հովհաննիսյանը (ազգային նվագարաններ):
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունում ընդգրկված 29 մասնակիցներն էլ ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և արժանացել` 7 ոսկե, 6 արծաթե, 4 բրոնզե մեդալների և 9 դիպլոմների:
«Հայաստանը 2002 թվականից մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մշակույթի ոլորտում յուրատեսակ օլիմպիական այս խաղերին՝ մեր երեխաները հերթական անգամ իրենց բարձր կատարողական վարպետությամբ հրաշալի արդյունքներ արձանագրեցին: Այս բարձր ցուցանիշները մեր երեխաների շնորհալիության, մանկավարժների աշխատանքի և նվիրվածության արդյունք է: Երեխաների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հարցը մշակույթի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է, ինչի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ և իրականացվում բազմաբնույթ նպատակային ծրագրեր. երաժշտական գործիքների և գրականության տրամադրում, կրթաթոշակների սահմանում` առավել տաղանդավոր երեխաներին, միջազգային տարբեր հարթակներում մասնակցության ապահովում և այլն: Մեր երեխաների հաղթանակները միջազգային հեղինակավոր հարթակներում ինչ-որ առումով սովորական է դարձել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում երեխաներին, ծնողներին, մանկավարժներին, միևնույն ժամանակ շնորհավորելով համընդհանուր հաղթանակի առթիվ»,-նշել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և շնորհակալագրեր հանձնել հաղթողներին:
Ս. թ. ապրիլի 26-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում Դելփյան խաղերին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը, Հայկական ազգային Դելփյան կոմիտեի գեղարվեստական ղեկավար Նելլի Սարգսյանը, «Դաշնամուր» անվանակարգում հանձնաժողովի անդամ Արմեն Բաբախանյանը, «Ազգային նվագարաններ» անվանակարգում հանձնաժողովի անդամ Ծովինար Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
4040 դիտում
23:45 09-12-2016
ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների
1835 դիտում
15:12 14-05-2014
Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում
9497 դիտում
22:35 22-03-2017
Երիտասարդ երգիչների միջազգային մրցույթում` հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար