Հայտնի են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» շարժման առաջնորդ Էմմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հաղթահարել են նախագահական ընտրությունների առաջին փուլը և դուրս եկել երկրորդ փուլ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալներին։
Մակրոնը ստացել է ձայների 23.75 տոկոսը, իսկ Մարին Լը Պենը՝ 21.53 տոկոսը։
Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է ձայների 19.91 տոկոսը, «Չհնազանդվող Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19,64 տոկոսը։ Նրանք դուրս են մնացել հետագա ընտրապայքարից։
Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 7-ին։
Ավելի վաղ Մակրոնի թեկնածությանը կողմ էին արտահայտվել նրա նախկին մրցակիցներ Բենուա Ամոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը: