Մաքսային բնագավառում ընդգրկված գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջը կհանվի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է հանել մաքսային բնագավառում ընդգրկված լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների (մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն և մաքսային հսկողության տարածքների կազմակերպում) համար լիցենզավորման պահանջը:
ՀՀ տարածքում գործունեության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար կներդրվի ծանուցման մեխանիզմ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և հանձնարարել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ներկայացնել բիզնես միջավայրին:
Կառավարությունը նաև ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2017թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը և 2018թ. հուլիսի 1-ից արգելել նշված թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը: