Վենեսուելայի նախագահ Մադուրոյի ավտոմեքենայի վրա քարեր են նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վենեսուելայի Բոլիվար նահանգի բնակիչները սկսել են քարեր նետել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տեղափոխող ավտոմեքենայի վրա, հաղորդում է Tass-ը։
Միջադեպը տեղի է ունեցել նշված նահանգի Սան-Ֆելիքս շրջանում, իսկ տեսագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է հայտնի ընդդիմադիր, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը։
Հայտնի չէ՝ նախագահը տուժե՞լ է միջադեպի ժամանակ, թե՞ ոչ։ El Nacional-ը գրում է, որ պետական հեռուստատեսությունը, որն ուղիղ հեռարձակում էր իրականացնում նահանգից, այդ պահին ընդհատել է հեռարձակումը։
Ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու։
Նշենք, որ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամ է հասունանում։ Պատճառը դարձել է Գերագույն դատարանի որոշումը, որը երկրի նախագահին ավելի շատ լիազորություններ է ընձեռում և գրեթե գերազանցում այդ լիազորություններով խորհրդարանին։
Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ դատարանն արգելեց Կապրիլեսին առաջիկա 15 տարիների ընթացքում առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։