Հանձնարարվել է ոռոգման ցանցը նախապատրաստել լիարժեք գործարկման
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչ ոռոգման սեզոնի մեկնարկը կարգաբերման աշխատանքներ տանել ցանցում և այն նախապատրաստել լիարժեք գործարկման:
«Տարեցտարի կանաչ տարածքների և ծաղկապատ հատվածների ընդլայնման ու պահպանման առումով ոռոգման ցանցի անխափան աշխատանքի ապահովումը, ինչպես նաև ցանցի ընդլայնումը գիտեք, որ առանձնակի է կարևորվում մեր կողմից:
Ըստ այդմ արդեն իսկ համապատասխան աշխատանքներ տարեք առկա ցանցի ուսումնասիրման և այն լիարժեք գործարկման նախապատրաստելու ուղղությամբ:
Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ ոռոգման սեզոնի մեկնարկին ցանցը լիարժեք գործի: Բացի այդ, ուսումնասիրեք և ներկայացրեք նաև ցանցի ընդլայնման հնարավոր նոր ուղղությունները՝ առաջնահերթությունը բնականաբար տալով հատկապես այն հատվածներին, որտեղ նախատեսում ենք կանաչ տարածքների ավելացում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: