Եգիպտոսում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից հետո
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված նախօրեին 2 քրիստոնեական եկեղեցիներում իրականացված ահաբեկչական պայթյունների հետ, հաղորդում է BBC-ն։
Ծաղկազարդի կապակցությամբ Տանտա քաղաքում գործող Սուրբ Գեորդի եկեղեցում պայթյուն է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 27 հավատցյալ։ Եվս 16-ը զոհվել է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկ տաճարում, որտեղ մարդկանց հոծ բազմությունը նշում էր Ծաղկազարդը։
Պայթյուններն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները։ Դրանց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Նշենք, որ քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության 10%-ը։ Ահաբեկչությունները խստորեն դատապարտել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով պետք է այս ամսվա վերջին ժամանի Եգիպտոս։