Հետմահու կայացավ Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Բագրատ Ալեքսանյանի «Վերադարձ» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 1-ին, Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի գրողների միության աջակցությամբ լույս տեսած «Վերադարձ» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որի հեղինակը Ապրիլյան պատերազմի ամենաթեժ մարտագործողությունների ժամանակ Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերից մեկում հակառակորդի դեմ հերոսաբար մարտնչած և նահատակված զինծառայող Բագրատ Ալեքսանյանն էր:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ազատամարտիկներ, մտավորականներ և արվեստի գործիչներ:
«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության անդամները, ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Բագրատ Ալեքսանյանի ծնողներին պարգևատրեցին պատվոգրով:
Հերոսացած հայորդու փոխարեն նրա գրքերը նվիրում և մակագրում էին նրա հայրն ու մայրը՝ Արթուր Ալեքսանյանը և Նարինե Ասրյանը, ովքեր ասում էին, որ այս գրքի շնորհիվ Բագրատը վերադառնում է մերօրյա իրականություն, իր գրած բանաստեղծություններով բերում իր շունչը և կենդանի ոգին, որի շնորհիվ նրա անունը կշարունակի ապրել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի