211652_close_icon
views-count30465 դիտում article-date 00:16 27-03-2017

Միահամուռ ուժերով, արդյունավետ և նպատակաուղղված աշխատանքի արդյունքում պետք է կերտենք ազատ, անկախ, արդար, հզոր և ինտելեկտուալ երկիր. ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում առաջադրված միակ կին թեկնածու

Հարգելի տիկին Հակոբյան, ողջունում ենք Ձեզ և Ձեր որոշումը մեծ քաղաքականություն մտնելու կապակցությամբ և ցանկանում իմանալ Ձեր կարծիքը մի քանի հարցերի վերաբերյալ: Հայ իրականության մեջ ինչպե՞ս եք վերաբերում «կին-առաջնորդ» գաղափարին: Գեղարքունիքի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում առաջադրված միակ կին թեկնածու լինելն օգնում է ընտրարշավում, թե ավելի պարտավորեցնում: Ես խորին հարգանք եմ տածում տղամարդ առաջնորդների նկատմամբ և ընդունում եմ, որ հայի հոգեկերտվածքին բնորոշ է տղամարդ ղեկավարի կերպարը: Միաժամանակ, ողջունում եմ կին առաջնորդներին, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, մարդկային, մասնագիտական կազմակերպական անհրաժեշտ որակներ: Ինչ վերաբերում է ՀՀԿ տարածքային ցուցակում առաջադրված միակ կին թեկնածուն լինելուն, ապա այդպես չէ․ Գեղարքունիքի մարզում առաջադրվել են երեք կին թեկնածու: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում ընտրարշավին և գտնում եմ, որ պետք է պատշաճ կերպով ներկայանալ ընտրողին, հանդես գալ արդեն իսկ կատարած գործերով և ապագայի տեսլականով, հստակ նպատակներով, հիմնավորված, իրատեսական խոստումներով: Ի՞նչ հոգեբանական դժվարություններ եք հաղթահարել, կային հանգամանքները, որոնք խոչընդոտում էին Ձեր կողմից՝ ընտրություններին մասնակցելու որոշման կայացմանը: Երբ ինձ առաջարկվեց մասնակցել ընտրություններին, ես նախ խորհրդակցեցի ամուսնուս հետ, ստացա ընտանիքիս և մերձավորներիս հավանությունը։ Արդյունքում՝ համաձայնեցի, քանի որ գիտամանկավարժական աշխատանքի ավելի քան քսան տարվա փորձ ունեմ, մասնակցել եմ բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը։ Ո՞րն է Ձեր տեսլականը, ինչու՞ պետք է ընտրողը գնա և քվեարկի Ռուզաննա Հակոբյան թեկնածուի օգտին: Ո՞րն է այն մեծ փոփոխությունը, որին ձգտում եք Դուք: Ես անչափ կարևորում եմ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է» հայեցակարգային նորմը, որը պետք է լիարժեք կյանքի կոչել՝ համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծելով: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունները: Ընտրողներն իմ օգտին քվեարկելու դեպքում հնարավորություն կտան ինձ Ազգային ժողովում զբաղվելու օրինաստեղծ աշխատանքով՝ ՀՀ նորմատիվ իրավական ակտերը փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ՀՀ օրենսդրական համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Որպես գիտության բնագավառի ներկայացուցիչ պատրաստ եք անցնելու մի ճանապարհ, որը լի է քննադատություններով, Ձեր կողմից կատարված աշխատանքների՝ մարդկանց տարբերվող, սուբյեկտիվ, երբեմն նաև բացասական մեկնաբանություններով: Աշխատանքի ընթացքում հնարավոր են թերություններ, բացթողումներ, ուստի ժողովրդավարական հասարակությանը բնորոշ կառուցողական քննադատությունն անհրաժեշտ է և օգտակար։ Ես կյանքի որոշակի ճանապարհ եմ անցել, ունեմ մարդկանց հետ աշխատելու փորձ, հաղորդակցության անհրաժեշտ հմտություններ և պատրաստ եմ լսելու քննադատություններ, տարբեր կարծիքներ: Ի վերջո, կարծիքների բախումից է ծնվում ճշմարտությունը: Հնարավոր են նաև սուբյեկտիվ, ճշմարտությունից հեռու դիտարկումներ, բացասական մեկնաբանություններ, որոնք չպետք է խանգարեն արդյունավետ աշխատանքին: Տիկին Հակոբյան, կան այնպիսի պատմական կին քաղաքական գործիչներ, որ կարծում եք միանշական կանցնեիք նրանց անցած ճանապարհով, կան գործիչներ, ովքեր կարող են լիեն Ձեզ համար օրինակ։ Տիկին Հրանուշ Հակոբյանը իմ իդեալն է՝ որպես մարդ, կին ղեկավար, դասախոս, գիտնական, հզոր ու բացառիկ անհատ: Ես ամեն օր սովորում եմ իմ սիրելի մորաքրոջից: Նա ոչ միայն օրինակ է ինձ համար, այլև իմ ուսուցիչն է ու դաստիարակը: Ես միշտ փորձում եմ ինձ այնպես դրսևորել, ինչպես կաներ իմ թանկագին մորաքույրը: Ձեր՝ խորհրդարանական ընտրությունների մասնակցության լուրը համացանցում հայտնվեց մի այսպիսի վերանգրով «Հրանուշ Հակոբյանի բարեկամուհին կառաջադրվի ռեյտինգային ցուցակում» այ ինչպե՞ս եք վերաբերում այդպիսի խոսակցություններին և, ի վերջո, չակերտավոր ասած չեք վախենում երկար տարիներ քաղաքականության մեջ գտնվող Հրանուշ Հակոբյանի քննադատություններից կամ դիտողություններից: Ես նորմալ եմ ընդունում նման վերնագրերը, սակայն նշեմ, որ Հրանուշ Հակոբյանի լոկ բարեկամուհին կամ զարմուհին չեմ, ես նրա դուստրն եմ, քանի որ թանկագին մորաքույրս մայրիկիս հետ հավասարապես զբաղվել է իմ և քույրերիս, ինչպես նաև մեր ընտանիքի բոլոր երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ: Մորաքույս խորհուրդներ է տալիս ինձ, և կյանքը գալիս է ապացուցելու, որ նրա խորհուրդները միշտ ճիշտ են, իսկ քննադատություններից կամ դիտողություններից չեմ վախենում, քանի որ երբևէ զավակը կամ աշակերտը իր ծնողի, դաստիարակի կամ ուսուցչի դիտողությունից կամ քննադատությունից չի վախենում։ Ես մորաքրոջիցս դասեր եմ քաղել իմ ողջ գիտակցական կյանքում: Ւսկ այսօր ես ինքնուրույն, կայացած անհատ եմ, տաս տարուց ավելի ղեկավարում եմ Գավառի պետական համալսարանը և ամեն օր ինքնուրույն որոշումներ եմ կայացնում։ Իմ առաջադրումը՝ որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, համարում եմ իմ աշխատանքի և համեստ վաստակի գնահատականը։ Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավագիտության դոկտոր ի՞նչ դիրքորոշում ունեք խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ: Որոնք են լինելու Ազգային ժողովի առաջնահերթ անելիքները: Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին տարիներին մեզ համար առավել ընդունելի էր կիսանախագահական կառավարման ձևը, քանի որ պատերազմի, երկրաշարժի, տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները չհաղթահարած երկրի համար խորհրդարանական կառավարման մոդելը վաղաժամ էր: Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմությունը ցույց տվեց, որ կառավարման խառը ձևերը՝ կիսանախագահական կամ կիսախորհրդարանական, ունեն ներքին հակասություններ, ամբողջությամբ չեն ապահովում պետական իշխանության ճյուղերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը, ուստի անհրաժեշտ է անցում կատարել առավել ժողովրդավարական համակարգի՝ խորհրդարանական հանրապետությանը։ Կարծում եմ, նորընտիր Ազգային ժողովի առաջնահերթ անելիքներն են լինելու Հայատանի Հանրապետության՝ որպես խորհրդարանական հանրապետության օրենսդրական հիմքերի ձևավորումն ու ամրապնդումը: Դուք 10 տարուց ավելի է ղեկավարում եք բարձրագույն ուսումնական հաստատություն, և ավելի քան երկու տասնամյակ է դասավանդում եք պետական բուհերում, ընտրվելու դեպքում ինչպիսի գործունեություն կիրականացնեք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Ընտրվելու դեպքում պատրաստ եմ իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգի զարգացման գործին: Նշված հանձնաժողովի շրջանակում կարևորում եմ կրթության ոլորտային օրենքների նախագծերի մշակումը: Մտածում եմ ՀՀ կրթական օրենսգրքի նախագծի մասին: Իմ ամենամեծ ցանկությունը ժողովրդի կյանքի որակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է: Որակյալ կյանքի համար պահանջվում են որակյալ օրենքներ, որոնք պետք է մշակեն մասնագետները: Այդ օրենքները պետք է լավագույնս կարգավորեն կարևոր հասարակական հարաբերությունները և երաշխավորեն մարդու՝ որպես բարձրագույն արժեքի իրավունքներն ու ազատությունները: Այս ամենը իմ բարձրաձայն մտորումներն են, որոնք կարող եմ կյանքի կոչել միայն ժողովրդի վստահությանն արժանանալու դեպքում: Սակայն, անկախ արդյունքներից, մեր բոլորի նպատակն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու առաջընթացը, ինչը նախատեսված է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում։ Միահամուռ ուժերով, արդյունավետ և նպատակաուղղված աշխատանքի արդյունքում պետք է կերտենք ազատ, անկախ, արդար, հզոր և ինտելեկտուալ երկիր: Շնորհակալություն: Հարցազրույցը վարեց Նունե Միրիբյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր