211652_close_icon
views-count2042 դիտում article-date 14:02 21-03-2017

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին

Մարտի 20-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Արգենտինայի և Հայաստանի միջև ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը: Արգենտինայի նախագահը խնդրեց իր ողջույններն ու բարեմաղաթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան բազմաոլորտ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Մկրտումյանը նույնպես հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդրվեն երկու բարեկամ պետությունների միջև կապերի ավելի սերտացման և ամրապնդման համար։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց նախագահ Մաուրիսիո Մակրիին Հայաստանի ու Արգենտինայի միջև համագործակցության և բարեկամության գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվեց և բարձր գնահատվեց արգենտինահայ համայնքի յուրահատուկ կամրջող դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում։ Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվեց Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ Արգենտինայի նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:

Նմանատիպ նյութեր