Պարտադիր բժշկական ապահովագրություն. ե՞րբ կներդրվի Հայաստանում
«Միասին վերացնենք տուբերկուլոզը» թեմայով Աղվերանում կազմակերպված իրազեկման դասընթացների շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Ի պատասխան այն հարցերի, թե ի՞նչ քայլեր են արվում երկրում պարտադիր ապահովագրություն ներդնելու ուղղությամբ, երբ կներդրվի այն և որքա՞ն ներդրում է պահանջվում՝ նախարարը նշեց, որ մինչև հունիսի կեսը կառավարության քննարկմանը կներկայացվի համապատասխան փաթեթ։ Դրանում կնկարագրվի նախարարության տեսլականը առողջապահության ֆինանսավորման, բյուջեի ձևավորման մասին։ Նախատեսվում է 2022-2025թթ. առողջապահության բյուջեն մեծացնել 4-5 անգամ՝ դարձնելով 305մլրդ ՀՀ դրամ։ «Այս նախագիծն իրատեսական է, մի քիչ ավելի խորն ու մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելուց հետո այն կներկայացնենք հանրությանը»,ասաց Լևոն Ալթունյանը։
Նշվեց, որ եթե առողջապահության բյուջեն այժմ 85մլրդ ՀՀ դրամ է, ապա 2022-2025թթ. կդառնա մոտ 100մլրդ ՀՀ դրամ։ Մնացած ավելի քան 200մլրդը նախատեսվում է ավելացնել այլ աղբյուրներից՝ ապահովագրական վճարներից, դրսի ներդրումներից, բժշկական տուրիզմից, ինչպես նաև ծխախոտի թանկացումից ձևավորված գումարներով։
Ինչ վերաբերում է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, ապա նախատեսվում է 2017թ. ապահովագրական դաշտ վերադարձնել սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչը՝ հաշվի առնելով, որ պետական կառավարման ներքո այդ փաթեթի գումարներն ավարտվում էին հոկտեմբերնոյեմբեր ամիսներին։
«Այդ 90 հազար շահառուից հետո նույն ճանապարհով կգնան մյուս խմբերը», ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ ինչպես արդեն բազմիցս նշվել է, աշխատանքներ են տարվում 2017թ. պետական բյուջեից ֆինանսավորվող ապահովագրական փաթեթ տրամադրել ևս 600 հազար բնակչի։ Նրանք «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներն են, ովքեր այժմ օգտվում են պետության կողմից փոխհատուցվող անվճար բժշկական ծառայություններից։
«Սրա հիմքում ընկած է այն սկզբունքը, որ բժշկական պարտադիր ապահովագրությունը և բժշկական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր քաղաքացիների համար»,ընդգծեց Լևոն Ալթունյանը։
Նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ այլ հարցերի ևս։