Ամենայն հայոց կաթողիկոսը և Էջմիածինը պետք է շնորհավորեն Գարեգին Բեքչյանին. թուրքագետ
Գարեգին Բեքչյանին ստացած 23 ձայնը՝ ցույց տվեց, որ Արամ Աթեշյանի ազդեցության և ղեկավարության ներքո եղած եկեղեցականների մեծ մասը դեմ են նրան: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոյանը՝ ափսոսանք հայտնելով, որ գործընթացն ավարտին չհասավ, քանի որ Պոսլո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չհրաժարվեց աթոռից:
Ռուբեն Մելքոնյանը ենթադրեց, որ նահանգապետարանի ուղարկած գրությունը «հայկական ձեռագիր» ուներ, հավանաբար, այն գրելուն օգնել է որևէ հայ հոգևորական: Թուրքագետին հայտնի է, որ այդ գրությունը գրվել է ընտրությունից առաջ, սակայն հրապարակվել է ընտրությունից հետո, երբ պարզվեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի ընտրվել:
«Արամ Աթեշյանը հերթական անգամ վիժեցնելով այս պրոցեսը, փաստորեն դեմ է գնում Ամենայն հայոց կաթողիկոսի կամքին. Տեղապահի ընտրությունները Ամենայն հայոց կաթողիկոսի կամքն էր, և զարմանալի է, թե ինչպես արքեպիսկոպոս Աթեշյանն ավելի գերակա է համարում միջին կարգի թուրք բյուրոկրատի կասկածելի գրությունը Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորից»,- ասաց նա։
Թուրքագետը քննադատեց նաև Գարեգին Բեքչյանին և նրա կողմնակիցներին, քանի որ այս պահին Պոլսո պատրիարքարանի ընտրված տեղապահը վճռական քայլերի չի դիմում:
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է շնորհավորի Պոլսո պատրիարքի ընտրված տեղապահին:
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է տարածի կոնկրետ պաշտոնական հայտարարություն և դա կարող է լինել այն կարևոր մեսիջը, որն ուղղված կլինի և՛ համայնքին, և՛ Գարեգին Բեքչյանի շուրջ համախմբված շրջանակներին առ այն, որ Ամենայն հայոց կաթողիկոսը և Էջմիածինը ընդունում են Գարեգին Բեքչյանին որպես Պոլսո պատրիարքի ընտրված տեղապահ»,- ասաց նա: