ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի տարածաշրջանային նախաձեռնությունները համակարգող Ռայմունդ Յելեի հետ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 17-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային նախաձեռնությունները համակարգող Ռայմունդ Յելեի հետ:
Կարևորելով սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այն բոլոր ծրագրերը, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանը և ՀՀ կառավարության ծրագրից բխող՝ պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը:
ՍԱՊԾ պետը մասնավորապես նախանշել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ռիսկերի գնահատման մեթոդաբանություն և համակարգ ներդնելու աշխատանքների անհրաժեշտությունը: Արդյունքում, բանախոսների գնահատմամբ, էականորեն կբարելավի նշված ոլորտներում վերահսկողության մակարդակը, իսկ Ծառայությունը հնարավորություն կստանա առավելապես առաջնորդվել վտանգը կանխարգելելու սկզբունքով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՍԱՊԾ լաբորատոր կարողությունների զարգացմանն ու տեխնիկական վերազինմանը, մարզային կառույցների հզորացմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանն ու մասնագետների որակավորմանն առնչվող հարցեր: