1065 դիտում
19:36 16-03-2017
Երևանում է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի գլխավորությամբ
Արդարադատության ակադեմիայի հրավերով երկօրյա այցով Երևանում է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են Դատախազության մարմինների պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման բաժնի պետ Նատալյա Նաուլիկը, Քրեական դատավարության գծով դատական որոշումների կատարման, օրենքների պահպանման նկատմամբ վերահսկողության գծով դատախազների վերապատրաստման բաժնի պետի տեղակալ Նիկոլայ Արմանովը, Օպերատիվ հետախուզական գործունեություն, հարցում ու նախաքննություն իրականացնող մարմինների կողմից օրենքների պահպանման նկատմամբ վերահսկողություն սահմանող դատախազների վերապատրաստման բաժնի տեղակալ Ալեքսանդր Սապինը, Միջազգային հարաբերությունների բաժնի գիտական աշխատակից Իվան Կլեվցովը, Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալների գործունեության կազմակերպավերլուծական ապահովման բաժնի պետի տեղակալ Նատալյա Կոտլյարը:
Այցի գլխավոր նպատակը երկու կառույցների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն էր և այդ համատեքստում մի շարք հարցերի քննարկումը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և համաձայնագրի ստորագրումը համագործակցությանն ուղղված կարևոր ու առաջնային քայլ համարեց: Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստում նկարագրված են համապատասխան ոլորտներ, որոնք նպաստելու են երկու երկրների դատախազական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, համատեղ գիտական հետազոտությունների իրականացմանը. <<Լիահույս եմ՝ համագործակցությունը մոտ ապագայում արդյունքներ կտա>>,-նշեց Սերգեյ Առաքելյանը:
ՀՀ գլխավոր դատախազի և Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անունից ուկրաինացի գործընկերներին ողջունեց նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: <<2018 թվականին, երբ լրանա Հայաստանի դատախազության 100 տարին, կհասցնենք առաջընթաց ապահովել այս համագործակցության ոլորտում, և հոբելյանական միջոցառումների շարքում իր տեղը կգտնի նաև այս աշխատանքի գնահատականը>>,-նշեց Արմեն Հարությունյանը և պատրաստակամություն հայտնեց աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կդրսևորվեն այս համագործակցության ընթացքում:
Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկը իր և ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: <<Ուրախ ենք, որ Երևանում ենք՝ Արդարադատության ակադեմիայում: Անչափ կարևորում ենք այս համագործակցությունը, որն ուղղված է երկու երկրների միջև համապատասխան ոլորտում փորձի փոխանակմանը>>,-նշեց ռեկտոր Պրիսյաժնյուկը:
Ռեկտորներ Սերգեյ Առաքելյանն ու Իվան Պրիսյաժնյուկը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին՝ իրավական հիմքերի վրա դնելով երկու կառույցների միջև համագործակցությունը:
Ստորագրման արարողությունից հետո Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտորը հանդես եկավ դասախոսությամբ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար: Այն նվիրված էր Ուկրաինայի դատախազական մարմինների գործունեության առանձնահատկություններին, Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի կողմից իրականացվող մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը և այլն: Ներկաները նաև կարճ տեսաֆիլմ դիտեցին Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի վերաբերյալ:
Նշենք նաև, որ ուկրաինացի պատվիրակներից շատերը Հայաստանում են առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն է ստեղծվել մշակութային ու ճանաչողական այցերի միջոցով փորձել բացահայտել բազմադարյա պատմություն ու մշակույթ ունեցող երկիրն ու ժողովուրդը:
[b]Արդարադատության ակադեմիայի
համագործակցության և հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3052 դիտում
11:26 28-03-2018
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը վստահեցնում է՝ ակադեմիայի շենքը չի վաճառվում
Այս բաժնից
913 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1072 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել