Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդականները Մարտի 8-ի առթիվ այցելեցին կին ազատամարտիկների շիրիմներին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի անդամները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ այսօր՝ մարտի 9-ին այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու առյուծ հայուհիների՝ զոհված կին ազատամարտիկների շիրիմներին: Ձևավորված ավանդույթի համաձայն ուսանողները ծաղկեպսակ դրեցին կին ազատամարտիկների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցեցին՝ հպարտությամբ ու խոնարհումով ևս մեկ անգամ վերհիշելով նրանց անգնահատելի սխրանքը:
Մեզ հետ ունեցած զրույցում Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ այս միջոցառումը երկու նպատակ ունի. նախ և առաջ Մարտի 8-ը նաև մեր կին ազատամարտիկների տոնն է, այն մայրերի ու քույրերի, ովքեր կոտրելով կնոջ՝ թույլ էակ լինելու մասին բոլոր կարծրատիպերը, հայրենիքի համար օրհասական պահին ապացուցեցին, որ հայրենի հողի պաշտպանը պետք է լինենք բոլորս՝ կին թե տղամարդ:
«Այս միջոցառմամբ նաև մեր հարգանքն ու խոնարհումն ենք ուղղում այն բոլոր առյուծածին մայրերին, ում որդիները երբեք տուն չեն վերադառնա և չեն շնորհավորի իրենց մայրերին այս տոնի առթիվ»,- նշեց Ս. Խառատյանը:
Ուսանողները այցելեցին նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի և քառօրյա պատերազմի բովում զոհված մերօրյա հերոսների շիրիմներին: Հերոսները չեն մահանում. նրանք անմահանում են: Նրանց հոգիները կենդանի են, քանի դեռ հիշում ենք նրանց: