211652_close_icon
views-count4521 դիտում article-date 10:57 06-03-2017

«Հաց բերողն» ազատ կարձակվի. գլխավոր դատախազն ընդունել է պատգամավորների երաշխավորությունը. Նիկոլ Փաշինյան

Այսօր «Հաց բերողը» /Արթուր Սարգսյանը/ ազատ կարձակվի։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Գլխավոր դատախազությունը բավարարում է մեր պատգամավորական միջնորդությունը։ Մանրամասները՝ ավելի ուշ»,-գրառել է պատգամավորը՝ հավելելով, որ գլխավոր դատախազն ընդունել է իրենց միջնորդույթունը, անձնական երաշխավորությունը և պատրաստ է փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը: Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը ԱՆ «Դատապարտյալների» հիվանդանոց ՔԿՀ-ում հանդիպել են Ա. Սարգսյանի հետ։ Հիշեցնենք, որ պատգամավորները նախաձեռնել էին ստորագրահավաք՝ Հաց Բերողի համար որպես անձնական երաշխավոր հանդես գալու մասին։ Քիչ առաջ այդ առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին և առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Ա.Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու և քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից: Հանդիպման արդյունքում պատգամավորներն ընդունել են առաջարկը և մեկնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով:

Նմանատիպ նյութեր