211652_close_icon
views-count7175 դիտում article-date 23:33 04-03-2017

Փոքր երկրի մեծ պատերազմները. Մաներհայմ

Ֆինլանդիայի բնակչությունը 100 տարի առաջ մոտ երեք միլիոն էր: Անցյալ դարում ֆիննական բանակը մի քանի անգամ հաղթել է ռուսական զավթիչներին: Այդ հաղթանակները կերտել է ռազմական լեգենդար գործիչ մարշալ Կարլ Գուստավ Մաներհայմը: Ֆին ժողովուրդը զրկվեց ազատությունից 1809թ., երբ Ռուսաստանն ու Շվեդիան պայմանագիր ստորագրեցին, որով Ֆինլանդիան միացվեց Ռուսաստանին (այս պատմության նման 1921թ. մարտի 16-ին ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով բաժանվեց Հայաստանը): Ավելի քան 100 տարի Ֆինլանդիան զրկված էր անկախությունից, գտնվում էր ռուսական տիրապետության տակ: Ֆինլանդիայի հանրապետության ճարտարապետ Կարլ Գուստավ Մաներհայմը, ծնվել է 1867-ի հունիսի 16-ին ֆիննական Վիլնյաս գյուղաքաղաքում: Նրա նախահայրը՝ վաճառական Հենրիկ Մարհեյմը Հոլանդիայից Շվեդիա էր տեղափոխվել 16-րդ դարում։ Իսկ 1693-ին նրա տոհմը ազնվականի տիտղոս է ստանում և ազգանունը փոխում՝ Մաներհայմ: «Մաներհայմ» գերմաներենից թարգմանաբար նշանակում է «տղամարդկանց խումբ», որը համապատասխան ազգանուն էր զինվորականի տոհմի համար։ Կարլ Գուստավ Մաներհայմը Հելսինֆորսկի ճեմարանն ավարտելուց հետո 14 տարեկանում ընդունվում է Վիբորգի մոտակայքում գտնվող կուրսանտական կորպուս, այնուհետև տեղափոխվում Պետերբուրգի Նիկոլաևյան հեծելազորային դպրոց։ [img]http://shamshyan.com/ups/images/0904114001488640687796921.jpg[/img] [i]Մաներհայմն (աջից) ուսանողական ընկերոջ հետ, Սանկտ-Պետերբուրգի Նիկոլաևյան հեծելազորային դպրոցում, 1880-ականների ավարտին[/i] Մաներհայմը հաջող կարիերա արեց ռուսական բանակում, մտերմություն հաստատեց ազդեցիկ մարդկանց հետ, այդ թվում՝ մեծ իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչի հետ, որը Ռուսաստանի ապագա կայսր Նիկոլայ 2-րդն էր: Մաներհայմը ծառայությունը սկսեց որպես հեծելազորային 2-րդ դիվիզիայի «սև դրագուններ» գնդի լեյտենանտ: [img]http://shamshyan.com/ups/images/0463516001488640701225874.jpg[/img] [i]Նիկոլայ 2-րդ ռուսական ցարը երիտասարդ և հասուն տարիքում[/i] 1895-ի մայիսի 26-ին Նիկոլայ 2-րդի թագադրության ժամանակ Մաներհայմը ցարական պատվո պահակախմբում էր: 1904-1905 թթ ռուս-ճապոնական պատերազմին մասնակցելու համար նա ստացավ 3 շքանշան ու փոխգնդապետի կոչում: Պատերազմից հետո գլխավորեց դեպի Ասիա 2-ամյա գիտարշավը՝ ձիով անցնելով Թուրքմենստանը, Գոբի անապատը, Տիբեթը, Պեկինը, ընդամենն անցնելով՝ 10.000 կմ: Այս արշավը հաջողությամբ ավարտելուց հետո Մաներհայմը ստացավ գնդապետի կոչում: [img]http://shamshyan.com/ups/images/0033872001488646955924976.jpg[/img] [i]Մաներհայմի՝ Սանկտ Պետերբուրգ-Պեկին արշավի հետագիծը․ 1906-1908 թթ․[/i] 1911-ին Մաներհայմը ստանում է գեներալ-մայորի աստիճան ու նշանակվում հեծելազորային գնդի հրամանատար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա կռվում է հարավ-արևմուտքում: 1916-ին Ռումինական ճակատում բանակի կորպուս է գլխավորում: 1917թ. սկզբում գեներալ-լեյտենանտի կոչում է ստանում: Մաներհայմը վերադարձավ հայրենիք 1917-ի վերջին, երբ Ֆինլանդիան անկախացավ Ռուսաստանից: 1917թ. հուլիսից անկախության գաղափարը թևածում էր Ֆինլանդիայում: Եվ դեկտեմբերի 6-ին Ֆինլանդիան հռչակվեց անկախ պետություն: Սակայն բոլշևիկները մտադրվեցին վերազավթել Ֆինլանդիան: 1918-ի հունվարին Մաներհայմը Ֆինլանդիայի հյուսիսում (Լապլանդիայում) կազմավորում է ազգային բանակ: Իսկ այդ ժամանակ Ռուսաստանը ֆիննական Կարմիր գվարդիայի և Ֆինլանդիայում տեղակայված ռուսական զորամասերի ուժերով փորձում էր վերազավթել Ֆինլանդիան: Կարմիր գվարդիական ֆիններն ու ռուսները հալածում, սպանում և աքսորում էին ֆին մտավորականներին և հարուստներին, որոնք պոտենցիալ վտանգ էին ներկայացնում բոլշևիկ զավթիչների համար: Այդ օրերին տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին և աքսորվեցին: Մաներհայմի նորակազմ բանակը հերոսական պայքար սկսեց ռուս զավթիչների դեմ: [img]http://shamshyan.com/ups/images/0923886001488640759295705.jpg[/img] [i]Հելսինկիի Սենատի հրապարակը 1918թ. գարնանը[/i] Վճռական ճակատամարտերը, որոնց ժամանակ ռուսներն ու նրանց գործակալները պարտվեցին, տեղի ունեցան Տամպերի մոտ մարտի 16-ին և Վիբորգի մոտ ապրիլի 24-ին: 1918-ի մայիսի սկզբին ֆիննական բանակը Մաներհայմի գլխավորությամբ ազատագրեց մայրաքաղաք Հելսինկին: Ռուսական զորամասերի և ռուսների հետ գործակցած ֆիննական կարմիր գվարդիայի մնացորդները փախան Ռուսաստան: Այդ պատերազմում երկու կողմից զոհվեց 35.000 մարդ: [img]http://shamshyan.com/ups/images/0280916001488640792195410.jpg[/img] [i]Ֆինները գնդակահարում են ռուսական գործակալներին՝ կարմիր գվարդիական ֆիններին [/i] Երկիրը ռուս զավթիչներից ազատելուց հետո Մաներհայմը սկսեց մաքրել հայրենիքը ռուսական գործակալներից, ռուսամետներից և ձախականներից: Ընդհանուր առմամբ ձերբակալվեցին 80.000 ռուսամետներ, որոնցից 75.000-ը դատապարտվեցին տարբեր պատժաչափելով, այդ թվում՝ 7370-ը մահապատժի ենթարկվեցին: Բանտային վատ պայմաններում մահացան ևս 13.500-ը: Ֆին-ռուսական առաջին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի պարտությամբ: 1920թ. հոկտեմբերի 14-ին Տարտուում ստորագրվեց խաղաղության պայմանագիր, որով Ֆինլանդիային անցան ռուսական նախկին ազդեցության որոշ տարածքներ: 1921թ. նոյեմբերի 6-ին ֆիննական զորքը ներխուժեց Արևելյան Կարելիա, որտեղի բնակչությունը (մեծ մասամբ՝ ֆիններ), չդիմանալով բոլշևիկյան բռնաճնշումներին և թալանին, ապստամբել էր և դիմել Ֆինլանդիայի օգնությանը: Այդպիսով սկսվեց ֆին-ռուսական երկրորդ պատերազմը, որի ժամանակ ռուսական բանակը կրկին պարտվեց: 1922թ. մարտի 21-ին Մոսկվայում ստորագրվեց խաղաղության համաձայնագիր, որով Ռուսաստանը դուրս մղվեց Կարելիայից: Մաներհայմը 1931-ին նշանակվեց պաշտպանության խորհրդի նախագահ: 1933-ից Կարելիայի պարանոցում Մաներհայմը սկսեց պաշտպանական ամրություններ կառուցել, որը կոչվեց «Մաներհայմի գիծ»: Նույն տարում Մաներհայմը մարշալի կոչում ստացավ։ [img]http://shamshyan.com/ups/images/0302182001488640776321627.jpg[/img] 1938-ին Խորհրդային Միությունը հանդես եկավ Կարելիական ծոցի ֆիննական կղզիները վարձակալելու և այդտեղ ռազմակայաններ տեղակայելու լկտի առաջարկով: Մաներհայմը խորհուրդ տվեց ընդունել առաջարկը և չեզոքացնել պատերազմի վտանգը, սակայն Ֆինլանդիայի նախագահ Ռյուտին մերժեց ռուսների առաջարկը: 1939-ի հոկտեմբերի սկզբին Մոսկվան պահանջեց Կարելիան, ինչպես նաև՝ Հանկո թերակղզին: Զգալով պատերազմի վտանգը, հոկտեմբերի 6-ից Մաներհայմը զորահավաք կազմակերպեց ու սկսեց Կարելիայի պարանոցից խաղաղ բնակչության տարհանումը: 1939-ի նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա: Դեկտեմբերի 1-ին ռուսները զավթեցին Կարելիայի պարանոցի մի հատվածը, որտեղ հռչակեցին այսպես կոչված «Ֆիննական դեմոկրատական հանրապետություն» մարիոնետային պետություն՝ կոմունիստ Օտտո Կուսինենի գլխավորությամբ: Պատերազմը շարունակվեց մինչև 1940թ. մարտ ամիսը: Սա ֆին-ռուսական երրորդ պատերազմն էր, որը պատմության մեջ հիշվում է որպես «Ձմեռային պատերազմ»: Մոսկվան հույս ուներ, որ Գերմանիայի օգնությամբ կկարողանա զավթել Ֆինլանդիայի արևելյան մասը, սակայն Գերմանիան չաջակցեց ոչ ռուսներին, ոչ ֆիններին: Եվ ռուսները ֆինների հետ մնացին մեկը մեկի դեմ: Ձմեռային պատերազմում ֆիննական կողմը կորցրեց 22.810 մարդ: Միայն օդային ռմբակոծության արդյունքում զոհվեց 1029 քաղաքացի: Ֆինլանդիայի կողմից կռվող 11.730 օտարերկրացի կամավորներից զոհվեցին 43-ը: Ռուսական բանակի զոհերի թիվն անցնում էր 131.000-ից, այսինքն՝ ֆիններից մոտ 6 անգամ շատ: Կարմիր բանակայիններից մոտ 6.000-ը և կարմիր ֆիններից 883-ը գերության մեջ հայտնվեցին: Դրանց մի մասը չցանկացան վերադառնալ Ռուսաստան՝ ստալինյան հաշվեհարդարից խուսափելու մտավախությամբ: Այս ահռելի կորուստները ստիպեցին Ռուսաստանին դադարեցնել պատերազմը: 1940թ. մարտի 12-ին կնքվեց հաշտության պայմանագիր, որով չեղարկվեց Տարտուի պայմանագիրը: Ըստ այդմ Ռուսաստանին անցան Կարելիայի պարանոցի մի մասը, ֆիննական մի քանի քաղաքներ, իսկ Հանկո թերակղզին ռուսներին տրվեց վարձով 30 տարի ժամկետով, այնտեղ ռազմակայան տեղակայելու իրավունքով: [img]http://shamshyan.com/ups/images/027156300148864083471418.jpg[/img] [i]Ֆին-ռուսական սահմանը Տարտուի (1920թ) և Մոսկվայի (1940թ) պայմանագրերով[/i] ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո, 1941-ի հունիսին, Ֆինլանդիան ևս պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Մինչ այդ ֆիններն արդեն ազատագրել էին բոլոր այն տարածքները՝ ներառյալ Կարելիայի մեծ մասը, որոնք 1940-ին զավթվել էին ԽՍՀՄ-ի կողմից: Չնայած, այդ ժամանակ ֆիննական բանակը ուժեղ էր ավելի, քան երբևէ, այնուամենայնիվ, Մաներհայմը մերժեց Հիտլերի առաջարկը և չհարձակվեց Լենինգրադի վրա: 1942-ին Մաներհայմի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ Ֆինլանդիայի կառավարությունը նրան ֆելդմարշալի կոչում շնորհեց։ [img]http://shamshyan.com/ups/images/0259111001488640850828510.jpg[/img] [i]Մաներհայմ․ 1942թ[/i] 1942-ի հունիսի 4-ին, Հիտլերը որոշեց այցելել Ֆինլանդիա՝ շնորհավորելու Մաներհայմի տարեդարձը։ [img]http://shamshyan.com/ups/images/0235386001488640860640884.jpg[/img] [i]Ֆինլանդիայի նախագահ Ռյուտին դիմավորում է Հիտլերին․ 1942թ․[/i] Հելսինկիի «Իմմոլա» օդանավակայանից Հիտլերը նախագահ Ռյուտիի ուղեկցությամբ հասավ այն վայրը, որտեղ նրան էր սպասում Մաներհայմը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախագահ Ռյուտին, ֆին ու գերմանացի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հիտլերը առանձնակի հարգանք էր տածում Մաներհայմի ռազմական տաղանդի հանդեպ: Նա համոզված էր, որ Մաներհայմի օգնությամբ կկարողանա ծնկի բերել ռուսներին: Հիտլերի այցը Ֆինլանդիա տևեց մոտ 5 ժամ: Չնայած, որ Մաներհայմը հրաժարվեց ներխուժել Ռուսաստան, այնուամենայնիվ՝ Հիտլերը Ֆինլանդիայում թողեց գերմանական գումարտակներ, որպես օժանդակ ուժ՝ ռուսական հավանական ագրեսիային դիմակայելու համար: [img]http://shamshyan.com/ups/images/0180938001488640870581056.jpg[/img] [i]Մաներհայմի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ Հիտլերի այցը Ֆինլանդիա. 1942 թ[/i] 1943-ի ամռանը Մոսկվան, ոգևորվելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունից, կրկին պահանջ ներկայացրեց Ֆինլանդիային՝ հետ քաշվել մինչև 1940-ի սահմանները: Մաներհայմը հակված էր ընդունելու պահանջը, սակայն Ֆինլանդիայի կառավարությունը բացասական պատասխան տվեց: Չհայտարարված հրադադարը տևեց մինչ 1944-ի հունիսի 9-ը, երբ խորհրդային զորքերը, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժեցին Կարելիայի պարանոց: Մաներհայմը կարողացավ կասեցնել խորհրդային զորքերի՝ Վիբորգից արևմուտք առաջխաղացումը: Հաջողվեց անգամ շրջապատել և ոչնչացնել սովետական մի քանի զորամիավորումներ: Չնայած այս հաջողություններին ֆելդմարշալ Մաներհայմը գիտակցում էր, որ պատերազմը շարունակելու դեպքում չի կարող հաղթել Ռուսաստանին, որովհետև նրան աջակցում էին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Եվ Մաներհայմը զինադադար առաջարկեց: 1944-ի օգոստոսի 4-ին Մաներհայմը ընտրվեց երկրի նախագահ: Եվ 1944-ի սեպտեմբերի սկզբին, Շվեյցարիայի միջնորդությամբ Ֆինլանդիան Մոսկվայի հետ զինադադար կնքեց: Զինադադարի պայմանների համաձայն՝ գերմանական զորքերն անմիջապես պետք է լքեին Ֆինլանդիան, իսկ ֆիննական զորքերը՝ նահանջեին դեպի 1940-ի մարտի 12-ին հաստատված սահմանը: Զինադադարի պայմաններով ԽՍՀՄ-ին էր անցնում նաև Պետսամո նավահանգիստը: Այսպիսով՝ Մաներհայմին հաջողվեց սանձել խորհրդային զավթողական նկրտումները, իսկ զինադադարի համաձայնագիրը կապիտուլյացիայի չվերաճեց: [img]http://shamshyan.com/ups/images/074408200148865980985945.jpg[/img] [i]Մաներհայմն իր օգնականների հետ։ Ձախից՝ լեյտենանտ Լիլիուս, կապիտան Կեկոնի, լեյտենանտ Գալլեն-Կալլելա, ենթասպա Ռոզեմբրոյեր[/i] Մաներհայմը 1946-ի սկզբին պատրաստվում էր հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով, սակայն որոշեց սպասել մինչև ռազմական հանցագործների դատավարության ավարտը։ Հաղթող դաշնակիցների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԽՍՀՄ) պահանջով Ֆինլանդիայի նախկին նախագահ Ռյուտին, արտաքին գործերի նախարար Տանները և մի քանի այլ բարձրաստիճան չինովնիկներ մեղավոր ճանաչվեցին Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության համար և տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին, սակայն Մաներհայմի շնորհիվ նրանցից ոչ ոք մահվան չդատապարտվեց: [img]http://shamshyan.com/ups/images/0890919001488642755945800.jpg[/img] [i]Նախագահական կարճատև պաշտոնավարումից հետո Մաներհայմը լքում է Հելսինկիի նախագահական պալատը. 1946-ի մարտի 4[/i]։ Կյանքի վերջին տարիները Մաներհայմն անցկացրեց Շվեյցարիայում, հուշեր գրելով։ Մահացավ Լոզանում, 1951-ի հունվարի 28-ին։ [img]http://shamshyan.com/ups/images/0240975001488642773737337.jpg[/img] [i]Մաներհայմի հոգեհանգստի երթը Հելսինկիի սենատի հրապարակում․ 1951-ի փետրվարի 4[/i] Մաներհայմը կյանքով ու գործով ապացուցեց, որ չկան անհաղթելի հակառակորդներ, և փոքրաթիվ ժողովրդի փոքրաթիվ զորքը կարող է հաղթել մեծ երկրի մեծ բանակին: [img]http://shamshyan.com/ups/images/0382069001488642790151406.jpg[/img] [i]Մաներհայմի արձանը Հելսինկիում գտնվող իր անունը կրող հրապարակում[/i] Մաներհայմի մասին գրվել են բազմաթիվ գրքեր և երգեր: Նա լեգենդ էր դարձել դեռ կենդանության տարիներին: Նրա հաղթանակները ռուսական բանակների նկատմամբ բացատրվում են առաջին հերթին նրա բացառիկ ռազմական տաղանդով, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ երկար տարիներ ծառայելով ռուսական բանակում, Մաներհայմը շատ լավ ծանոթ էր թշնամու ռազարվեստին և մարտավարությանը:

Նմանատիպ նյութեր