211652_close_icon

Երևանում Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու փրկարարները փրկել են 26-ամյա տղայի կյանքը. դեպքի վայրում օգտագործվել է ավտոսանդուղք. ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count14471 դիտում article-date 23:18 20-06-2025
Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան խճուղի 7 շենքի տանիք է բարձրացել մի քաղաքացի և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանն ու Մանվել Թամրազյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Մոտ 1 ժամ ոստիկաններն ու փրկարարները բարձրահարկ շենքի տանիքում կանգնած երիտասարդի հետ բանակցություններ են վարել, որպեսզի չդիմի ծայրահեղ միջոցի։

Ի վերջո, ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը, ապա դեպքի վայր ժամանած փրկարար ծառայության ավտոսանդուղքով այդ տղամարդուն իջեցրել են անվտանգ վայր։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Պարզվել է, որ նշված երիտասարդը Երևանի բնակիչ 26-ամյա Քրիստ Մ.-ն է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների և փրկարարների հետ աշխատանքում ներգրավված է եղել նաև «Նաիրիտ» գործարանի պահպանության պետ Վարդան Շահբազյանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր