211652_close_icon
views-count3090 դիտում article-date 11:14 03-03-2017

Պետք է պարզ լինի, թե քաղաքական ուժերն ինչ են ուզում անել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված տարբեր կարծիքների խճապատկերում կա մի հոսանք, որն առաջարկում է ընտրություններն ակտիվորեն բոյկոտել և բոլոր խնդիրները լուծել փողոցում: Եթե թույլ տրվի կատարել ֆուտբոլային զուգահեռ, ապա դա արհեստական «խաղից դուրս» վիճակի նման մի բան է՝ պահանջում է թիմից խիստ համաձայնեցված, սինխրոն գործողություններ: Եթե պաշտպաններից մեկը որոշակի պահի, բոլորի հետ միասին առաջ չի վազում, ապա խաղից դուրս վիճակ չի ստացվում, իսկ դարպասապահդ մնում է հարձակվողի հետ մեն-մենակ: Այն դեպքում, երբ հասարակության զգալի մասը կողմ է բոյկոտի, և այդ շարժումն ունի վառ արտահայտված լիդերներ, կազմակերպիչներ՝ իրենց նախօրոք մշակած ծրագրով, այդ դեպքում, այո, բոյկոտը կարող է աշխատել: Բայց այսօր ընդդիմության մեծ մասը մասնակցում է ընտրություններին և համապատասխան քարոզչություն է իրականացնում: Այս պարագայում բոյկոտելը կնշանակի իշխանությանը ձայներ նվիրել: Ինչ մնում է «փողոցին»: Դրա տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Սովորաբար՝ սկսած մոտավորապես 1992 թվականից, ընդդիմությունը դրա տակ հասկանում է հետևյալ քայլերը. հավաքել Ազատության հրապարակում որոշակի քանակությամբ մարդկանց, հասցնել նրանց «ճիշտ կոնդիցիայի», այնուհետև տանել նրանց դեպի Բաղրամյան-26՝ նախագահի հրաժարականը և անհապաղ իշխանափոխություն պահանջելու: 24 տարվա ընթացքում այդ իմաստով «փողոցն» իր նպատակին չի հասել: Եվ ես կարծում եմ՝ դա շատ լավ է: Որովհետև՝ եթե մի անգամ նախագահի կամ, մոտ ապագայում, վարչապետի նստավայրի գրոհը հաջողությամբ ավարտվի, ապա երկու ամիս անց մեկ ուրիշ խումբ, համոզվելով, որ հնարավոր է այդ ձևով իշխանափոխություն անել, դարձյալ այդ փորձը կանի: Եվ այսպես շարունակ: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք արտաքին մարտահրավերները, զուտ ներքին կյանքի տեսանկյունից դա որևէ հարց չի լուծի՝ ոչ տնտեսության, ոչ էլ քաղաքականության մեջ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ փողոցային ակցիաները՝ խաղաղ հանրահավաքները, պիկետները, երթերը քաղաքական պայքարում կարևոր դեր չեն խաղում: Փողոցային պայքարի կազմակերպիչները պետք է ունենան նախօրոք մշակած հստակ ծրագիր, որը պետք է լինի, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային», նաև՝ խորհրդարանական, նաև քարոզչական պայքարի մի մասը: Եվ ամենակարևորը՝ պետք է պարզ լինի, թե ինչ են քաղաքական ուժերն ուզում անել՝ փողոցում, թե ընտրությունների միջոցով: Առայժմ, բացի սնամեջ բառերից, այլ բան չենք լսում»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր