1902 դիտում
15:59 24-02-2017
Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Տալլինում
Էստոնիայի Հանրապետության կազմավորման 99-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Տալլինում էր գտնվում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս), որտեղ վերջինս ունեցավ մի շարք հանդիպումներ:
Էստոնիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Յաննե Անդրեսոյի հետ ունեցած հանդիպման ընթացում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տիկին Անդրեսոյին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը գրադարանում անցկացնելու կապակցությամբ, ինչպես նաև արժևորեց գրադարանի և դեսպանության միջև արդեն ավանդական դարձած արդյունավետ համագործակցությունը:
Ազգային գրադարանի տնօրենը հայտնեց, որ շահագրգռված է ՀՀ դեսպանության հետ կառուցողական համագործակցության զարգացման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային գրադարանի հետ մի շարք ծրագրեր իրականացնելու առաջարկություններ և միաժամանակ ընդգծվեց Հայաստանի և Էստոնիայի ազգային գրադարանների միջև հարաբերություններին իրավական հիմք հաղորդելու կարևորությունը:
Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Էստոնիայի Ազգային գրադարանին նվիրեց Հայոց պատմությանը վերաբերող գրականություն:
Այնուհետև, Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի վարչապետի արտաքին կապերի հարցերով գլխավոր խորհրդական Ռեյն Տամմսաարի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական կապերը խորացնելուն միտված երկուստեք ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը:
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթություններից մեկն է համարում բարձր տեխնոլոգիաների զարգացումը, և, հաշվի առնելով էստոնական կողմի մեծ փորձն այդ ոլորտում, ընդգծեց երկու երկրներում բնագավառի պատասխանատուների համաժողովներ և հավաքներ նախաձեռնելու անհրաժեշտությունը:
Ռեյն Տամմսաարը նշեց, որ Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական կապերի խորացումը, և առկա են բոլոր նախապայմանները տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Էստոնիայի վարչապետի խորհրդականը նաև նշեց, որ երկու երկրների կառավարությունների համագործակցությունն առավել արդյունավետ կարող է զարգանալ երկկողմ ոլորտային պայմանավորվածությունների ձեռքբերման և դրանց արդյունավետ իրականացման պարագայում:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ նաև Ռիիգիկոգուի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու օրենսդիր մարմինների միջև փոխհարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի շուրջ:
Մարկո Միհկելսոնի խնդրանքով դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակվող, պարբերական բնույթ կրող հրադադարի կոպտագույն խախտումներին, ինչն ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնում նորանոր զոհերի:
Դեսպանը նաև անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից պատմության կեղծարարություններին և դրանց հիման վրա տարբեր խորհրդարաններում քաղաքական օգուտներ կորզելու փորձերին:
Նմանատիպ նյութեր
943 դիտում
22:07 01-12-2016
Լատվիայում շարունակվում են դեսպան Մկրտչյանի հանդիպումները
690 դիտում
16:19 06-02-2019
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի խորհրդարանում
549 դիտում
16:16 13-03-2015
Էդուարդ Շարմազանովը Տալլինում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին
Այս բաժնից
427 դիտում
10:33 07-05-2024
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
925 դիտում
10:05 07-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
736 դիտում
23:33 06-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը կշարունակի երթը 12։00-ին