Շփման գծում կա որոշակի լարվածության աճ զինատեսակների առումով. ՊՆախարար
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կա որոշակի լարվածության աճ՝ օգտագործվող զինատեսակների առումով:
Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակին:
«Այսօր օգտագործվել են ականանետեր, թեթեւ հրետանի: Կարծում եմ, որ մենք դրան պետք է մշտական զգոնությամբ մոտենանք, որովհետեւ հակառակորդը չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները, իր առջեւ դրվող խնդիրները: Մեր զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը եւ շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են միշտ:
Զինադադարի ցանկացած խախտում որեւէ ձեւով չի կարող արդարացվել, որովհետեւ, իրականում զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով:
ՊՆ ԶՈւ խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»,-ասել է նա: