2582 դիտում
16:06 16-02-2017
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ կապված փաստաբանների աշխատանքը ՔԿՀ-ներում խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են մի շարք փաստաբանների հրապարակային պնդումներն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում փաստաբանների համար ստեղծվում են խոչընդոտներ: Խոսքը հատկապես վերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին իրենց պաշտպանյալների հետ:
Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների՝ քրեակատարողական ծառայողների կողից ստեղծվում են խոչընդոտներ՝ կապված պաշտպանյալների հետ փաստաբանների առանձնազրույցների, փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի, փաստաբանների մոտ առկա փաստաթղթերը ստուգման ենթարկելու հետ և այլն: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանմանը տեղեկացրել է նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքը և հատկապես՝ նրանց աշխատանքը քրեակատարողական հիմնարկում ենթակա է բարձր պաշտպանության: Իրավաբանական օգնությանը, փաստաբանական գաղտնիքին առնչվող փաստաթղթերը կամ տեղեկատվական կրիչներն անձեռնմխելի են: Դրանք չեն կարող հասանելի լինել նաև քրեակատարողական ծառայողներին: Փաստաբանը պաշտպանված է նաև խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը:
Հաշվի առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի պահանջները՝ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Օրենքի պահանջի համաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացված են փաստաբանների հրապարակային մտահոգություններում: Պարզաբանումների պահանջ ներկայացնելիս հաշվի է առնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս հարցում կհամագործակցի նաև մտահոգություն ներկայացրած փաստաբանների հետ:
Նմանատիպ նյութեր
15038 դիտում
11:17 06-03-2017
Հայտարարություն՝ լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yerkir.am
Այս բաժնից
514 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
550 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)