Ժոզե Մոուրինյո. Ամենաբարդը Պոգբայի մոր վիճակն է լինելու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում` «Սենթ-Էթյենի» հետ խաղում շատ դժվար է լինելու Պոլ Պոգբայի համար, քանի որ նա խաղալու է իր հարազատ եղբոր` Ֆլորենտինի դեմ, որը հանդես է գալիս ֆրանսիական ակումբում:
«Այո, մենք Պոլի հետ խոսել ենք այս իրավիճակի մասին, բայց մեր զրույցը բավական զվարճալի ստացվեց: Կարծում եմ, սա ճակատագիր է: Իմ կարծիքով, ամենաբարդը այս իրավիճակում Պոգբայի մոր համար է լինելու, քանի որ նա ընտրելու հնարավորություն չունի:
Պոլն ինձ ասաց, որ իր մայրը ոչ-ոքի է ցանկանում, սակայն հաջորդ շաբաթ նրա որդիներից մեկը երջանիկ կլինի, մյուսը` տխուր: Դա պրոբլեմ կլինի միայն մոր համար», ասել է Մոուրինյոն:
Հանդիպումը կկայանա Մանչեսթերում` փետրվարի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:05-ին։