211652_close_icon
views-count1727 դիտում article-date 20:40 10-02-2017

Տուրիզմի ոլորտը զարգացնելու համար պետք են նոր գաղափարներ. Սփյուռքի նախարար

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում–սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկումը, որին մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ, հայաստանցի և սփյուռքահայ տուր- օպերատորներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ զարգացման տեմպերով և արդյունքներով զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: «Այս առումով թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, տարածքային համաչափ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, աղքատության նվազեցման գործընթացում», -նշեց նա: Զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացման նպատակով նախարարը կարևորեց ավանդական դարձած և միջազգային ճանաչում ունեցող փառատոնները, որոնց մասնակցում են նաև սփյուռքահայեր աշխարհի տարբեր երկրներից: Նախարարն ընդգծեց, որ այսօր Սփյուռքից եկած տասնյակ տուր-օպերատորներ փորձում են զարգացնել ներգնա տուրիզմը Հայաստանում և Արցախում («Տաթև» «ԱրմՀորիզոն», «Armenina world», «ՍաբերատուրՍևան», «Լևոն թրեվըլ» ընկերությունները և այլն): Վերջիններս օգնեցին Հայաստանում և Արցախում տեղայնացնել միջազգային լավագույն փորձը: Սփյուռքի միջոցով հիմնված տասնյակ բարձրաճաշակ հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, ժամանցի վայրերը նոր շունչ հաղորդեցին այս ոլորտին և նոր մշակույթ ներմուծեցին Հայաստան: Նախարարը հավելեց, որ տուրիզմի ոլորտը զարգացնելու համար պետք են նոր գաղափարներ: «Նոր գաղափարները թույլ կտան ավելի շատ հայերի և օտարների ներգրավել ներգնա տուրիզմին: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել դասական Սփյուռքի չորրորդ, հինգերորդ սերունդներին: Առաջարկում եմ բոլորիդ սկսել զբոսաշրջության զարգացման համար շարժումներ, օրինակ՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր», «Աստվածաշնչյան երկիր», «Նոյի երկիր» խորագրերով և փորձել դրանք տարբեր միջոցներով տարածել նաև Ձեր ընկերությունների գովազդների միջոցով», - նշեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր