211652_close_icon
views-count3107 դիտում article-date 15:18 10-02-2017

Ոչ թե ռեյտինգային, այլ տարածքային. Տիգրան Մուկուչյան

Կան որոշակի ընթացակարգեր, որոնք նորամուծություն են. քվեաթերթիկները չծալելը, դրանք տարբերակելը և այլն: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում չափազանցված համարեց գնահատականները, թե ընտրական նոր գործընթացը ընտրողի համար շատ բարդ է և անհասկանալի: «Համապատասխան հոլովակ է պատրաստվել և տեղադրվել ԿԸՀ կայքում: Իսկ երբ լինեն առաջադրումները, կլինի իրազեկման բնույթի ավելի մեծ արշավ, որը հնարավորություն կտա ընտրողներին քաջատեղյակ պահել ընտրակարգի բոլոր հանգամանքներին»,- նշեց ԿԸՀ նախագահը: Հարցին, թե ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացվե՞լ են, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե այս պահին որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրման փաստաթղթեր չեն ներկայացվել: ԿԸՀ նախագահին հարց ուղղվեց, թե ինչպե՞ս է հաշվարկվելու ռեյտինգային ընտրացուցակը և քանի՞ պատգամավոր է խորհրդարան անցնելու ռեյտինգային կարգով: Տիգրան Մուկուչյանը հորդորեց մոռանալ «ռեյտինգային» եզրույթը՝ նշելով, որ այն տարածքային է, այնուհետև հիշեցրեց, որ ամեն ընտրատարածքում ներկայացվելու է կուսակցության 2 ցուցակ՝ համապետական և տարածքային: «Համապետական ցուցակը բաղկացած է լինելու 2 մասից, որոնցից մեկը ազգային փոքրամասնությունների ցուցակն է: Քվեաթերթիկն էլ ունենալու է 2 երես: Մի կողմում նշվելու է անվանումը, համարը, համամասնական ցուցակի թեկնածուների անունները, մյուս կողմում՝ տվյալ տարածքի թեկնածուների անունները: Ձայների հաշվարկի մեխանիզմի մասին. Նախ որոշվում է, թե ովքեր են հաղթահարել 5 կամ 7 տոկոսանոց ձայնի շեմը, որոշվում է մանդատների քանակը: Դրանց կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների, մյուս կեսը՝ տարածքային ցուցակի թեկնածուների միջև: Տարածքային ցուցակների պարագայում հիմք է ընդունվում տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեների քանակը: Դրանցով որոշվում է, թե յուրաքանչյուր տարածքում որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Նմանատիպ նյութեր