Հայաստանը կարծում էր, թե Ռուսաստանը պիտի հավերժ զարգանա, մարդիկ գնան այնտեղ, լավ ապրեն, գումար ուղարկեն Հայաստան. Ռուբեն Մեհրաբյան
«Սա արատավոր քաղաքականություն է: Նման քաղաքականությունը փակում է զարգացման հնարավորությունները, սա թույլ չի տալիս, որ Հայաստանը բացասական գլոբալ միտումների ազդեցությունից ազատվելու քայլեր նախաձեռնի: Հայաստանը Լարսի հույսին է, գինի ծախել չծախելու հույսին է, մի շուկայի հույսին է, որը գնալով կրճատվում է, որը սանկցիաների հետևանքով ծնկի է գալիս»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը այսօր կազմակերպված «Նախորդ տարվա տնտեսական իրավիճակի վերաբերյալ» քննարկման ժամանակ:
Մեհրաբյանը, մեջբերելով ռուս տնտեսագետների գնահատականները, ասաց, որ Ռուսաստանի պահուստային ֆոնդերն այս տարի սպառվելու են, սոցիալական բեռը ծանրանալու է, և նույնիսկ ռազմական ծախսերը չեն կատարվելու:
«Մենք ականատես ենք լինում Հայաստանի տնտեսության դեգրադացիային: Իսկ մեր անդամակցությունը «փառավոր» Եվրասիական տնտեսական միությանը սահմանափակեց մեր կոմունիկացիան աշխարհի հետ արդեն քաղաքական պատճառներով»,- նկատեց Ռուբեն Մեհրաբյանը:
Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Հայաստանում տնտեսական զարգացման չափանիշներն էլ փոխվել են: «Եթե նախկինում ասում էին, թե հրաժարական պիտի տա այն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չի գրանցել, հիմա կարելի է «ուռա» գոռալ նրա համար, որ մինուս չենք գրանցել: Այս կառավարությունն, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, լավ ռուսերեն է խոսում՝ մնացածը նույնն է, Լարս, աբխազական երկաթգիծ, Մեդվեդև, ԵՏՄ…»,- նշեց Մեհրաբյանը: