Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։
Փետրվարի 1-ին և 2-ին նշված մարզերում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց մասնակցել են նաև տվյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները:
Խորհրդակցությունների ընթացքում Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը և Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը զեկուցել են 2016-ին կատարված աշխատանքը, ներկայացրել հանցագործություների աճի և նվազման դինամիկան` ըստ հանցատեսակների: ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր մարզում հանցավորության վիճակի վերլուծության արդյունքներով պայմանավորված տվել է կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է հատկապես հանցագործությունների կանխարգելմանն ուղղված իրավապահ բոլոր մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը:
Արթուր Դավթյանը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը և համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովել մարզերում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ և հետևողական աշխատանք, հանցագործությունների նախականխման, յուրաքանչյուր դեպքով հետաքննության ու նախաքննության օբյեկտիվության պատշաճ որակն ապահովելու նպատակով կիրառելով դատախազական ներգործության բոլոր միջոցները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզերի դատախազությունների, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով իրավապահ համակարգի գործունեության կանխատեսելիության ու որոշակիության անհրաժեշտությունը: