211652_close_icon
views-count25833 դիտում article-date 17:51 31-01-2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 25 տարեկան է. ակադեմիա, որին կնախանձեն աշխարհի շատ առաջատար երկրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ) կայացավ կրթօջախի 25 ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսական կազմը, ուսանողները և այլք: Արարողության բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորահավորելով ԲՈՒՀ-ի ստեղծման 25 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Մխիթարյանը նշեց, որ ակադեմիան ձևավորվել է նորանկախ Հայաստանի համար ծանր տարիներին՝ Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքներ, չսպիացած վերքեր, հարյուր հազարավոր անօթևան մարդիկ, երկրաշարժից ավերված բնակավայրեր, Արցախի ազատագրման ռազմական լայնածավալ գործընթացներ, հանրապետության սահմանամերձ տարածքներում սանձազերծվող ռազմական գործողություններ, գլոբալ շրջափակման առկայություն, էներգետիկ ճգնաժամ և այլն: - Դա մի ժամանակահատված էր, երբ բնակչության ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելու համար հանրապետության կառավարությունն ստիպված էր մշակել և իրականացնել այսպես կոչված «Ձմեռ» ծրագիր: Ահա այդպիսի պայմաններում ձևավորվեց ակադեմիան: Համոզված եմ, որ բոլորս գիտակցում ենք, թե այդ պայմաններում ակադեմիայի ձևավորումը որքան արդիական էր: Պետք է ասեմ, որ խիստ արդիական էր, քանի որ հստակ զգացվում էր արտակարգ իրավիճակներից և ռազմական գործողություններից բնակչության պաշտպանության գործընթացների կազմակերպման հարցում անհրաժեշտ արհեստավարժ մասնագետների կարիքը: Այսօր մենք ունենք արդեն կայացած ուսումնական հաստատություն, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր երկրում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Հ. Մխիթարյանը նշեց նաև, որ ակադեմիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն ԱԻ համակարգի համար որակյալ կադրերի պատրաստմամբ, այլև հանրապետությունում գործող կառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում, պետական, գերատեսչական ու հասարակական ջոկատների հրշեջ-փրկարարների ուսուցում, բնակչության ուսուցման համար անհրաժեշտ պաստառների, վարքականոնների, հուշաթերթիկների, ձեռնարկների և այլնի մշակում ու տարածում: - Ակադեմիան բավականին լուրջ դերակատարում ունի բնակչության տարբեր շերտերի ուսուցման գործում: Անխոս, այս ամենում մեծ է երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի դերը: Կցանակայի ԱԻՆ համակարգի և անձամբ իմ անունից շնորհավորել ակադեմիայի ողջ անձնակազմին, և ինչու չէ, նաև՝ մեզ, ակադեմիայի գործունեության 25 ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ ակադեմիան մշտապես հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները և իր ներդրումը կունենա բնակչության պաշտպանության հայրենանվեր գործում: Ձեզ, ակադեմիայի աշխատակիցներ, մաղթում եմ առողջություն, ուժ ու եռանդ, սեղծագործական նորանոր հաջողություններ, -եզրափակեց Հ. Մխիթարյանը: Բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը: ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանը, շնորհավորելով ու ողջունելով հանդիասավոր արարողության մասնակիցներին, նշեց, որ ակադեմիայի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել շատ կառույցներ, բայց անխոս ամենանշանակալի դերը ՀՀ ԱԻ նախարարությանն է: - Երբ ստեղծվում էր կրթօջախը, առաջին խնդիրներից էր գրականության բացակայությունը: Բացի այդ, չկային փրկարարներ և մասնագետներ: 1992 թ-ից մոտ երկու տարի աշխատում էինք միայն մոթոդաբանության մշակման վրա: 1994 թ. մեր մասնագետները անցան առաջին վերապատրաստումը, իսկ 2003թ.-ի մայիսի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ ինստիտուտին իրավունք վերապահվեց իրականացնելու բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր: Իսկապես, հպարտ եմ, որ այսքան ձեռքբերումներ ունենք: Այսօր ակադեմիան ունի ոլորտի ամենամեծ գրականությունը, որը մրցունակ է նաև միջազգային մակարդակով: 2010 թ. սկսած՝ ամեն տարի ունեցել ենք շոշափելի հաջողություններ և ձեռքբերումներ, որոնց շարքում կուզեի առանձնացնել գիտական ամսագրի թողարկումը, ակադեմիային, որպես վարժատարածք, «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքի հատկացումը, «911» շաբաթաթերթի հրատարակումը, ակադեմիային մագիստրոսի կրթական ծրագրով «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտության տրամադրումը, և այլն, - ասաց Հ. Մաթևոսյանը: Միջոցառման ընթացքում ակադեմիայի բարձրագույն կրթական ծրագրերում ուսուցման համագործակցային մեթոդի ներդրման, կայացման գործում ունեցած զգալի ավանդի համար 911 ծառայության հրահանգիչների ու օպերատորների պատրաստման ծրագրի ներդրման, երկարամյա անբասիր աշխատանքի, ակադեմիայում գիտամանկավարժական գործունեության և ԲՈՒՀ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ շքանշանների, պատվոգրերի, շնորհակալագրերի և վկայականների արժանացան տեղական և միջազգային տարբեր կառույցների անդամներ և ղեկավարներ, ՃԿՊԱ դասախոսներ ու ուսանողներ, ինչպես նաև՝ պետական և հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ ու ներկայացուցիչներ: ՀՀ ԱԻ նախարարի ժ/պ Հ. Մխիթարյանը հատուկ պարգև հանձնեց Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին: 2016 թ.-ի ապրիլին հայրենիքի պաշտպանությանն ակտիվ մասնակցելու համար պատվոգրերով պարգևատրվեցին ՃԿՊԱ 9 ուսանողներ, որոնցից մեկը՝ հետմահու: Միջոցառման ընթացքում հոբելյանական արարողությունն իրենց գեղարվեստական ելույթներով զարդարեցին ԱԻՆ մշակույթի կենտրոնի սաները՝ «911» պարախումբը, «Աղետիկներ» թատերախումբը և ՃԿՊԱ ուսանողները՝ անվանի ավեստագետների մասնակցությամբ: Նշենք, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական մակարդակներում: Ակադեմիան իրականացնում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական կրթական ծրագրեր՝ մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով: Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Ուսուցման գործընթացում ներգրավվում են ոլորտի պաշտոնատար անձինք, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, կրթության և տնտեսության տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ: ԲՈՒՀ-ն իրականացնում է ինչպես ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր՝ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ղեկավար կազմի, մասնագետների համար (տարեկան ուսուցում է անցնում շուրջ 1700 ունկնդիր), այնպես էլ՝ հրշեջ-փրկարարների վերապատրաստում և որակավորման բարձրացում (վերապատրաստվում է տարեկան շուրջ 300 հրշեջ-փրկարար): Ակադեմիան պատրաստում է որակավորված կադրեր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և համակարգի համար, իրականացնում արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սպայական կազմի որակավորման բարձրացում, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով հանրապետության կառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների որակավորման բարձրացումն ու վերապատրաստում և այդ կառուցներին ապահովում համապատասխան մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետներով: 2003թ-ին ճգնաժամային կառավարման ինստիտուտին ՀՀ ԿԳՆ-ի կողմից տրվել է կրթական գործունեության լիցենզիա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով երկու, իսկ 2005թ.-ից` ևս վեց մասնագիտությունների գծով: 2016թ.-ին ակադեմիային տրամադրվել է մագիստրոսի կրթական ծրագրով «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտությունը: Ակադեմիայում այսօր սովորում է շուրջ 1050 ուսանող: ՃԿՊԱ-ն ակտիվորեն համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների և ուսումնական տարբեր հաստատությունների հետ՝ ներդնելով նաև միջազգային լավագույն փորձը: Լուսանկարները՝ Վահրամ Ավոյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր