211652_close_icon
views-count4099 դիտում article-date 23:07 30-01-2017

Նշվեց Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը

Հունվարի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Կանադայի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Հարգելի պարոն դեսպան Քյոր, Տիկնայք և պարոնայք, 25 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Անցած քառորդ դարի ընթացքում մենք կարողացանք մեր երկրների միջև ձևավորել ջերմ բարեկամության և սերտ համագործակցության ամուր և կայուն հարաբերություններ: Հայ-կանադական կապերն, անշուշտ, շատ ավելի հին պատմություն ունեն և սկիզբ են առնում Կանադայում առաջին հայերի հաստատումից: Միջազգային ասպարեզում Կանադան այսօր հայտնի է իր լայնածավալ մարդասիրական ծրագրերով: Սակայն քչերը գիտեն, որ ամենաառաջին այդպիսի ծրագրերից մեկով կանադական կառավարությունը Օնտարիո նահանգի Ջորջթաուն քաղաքում պատսպարել և նոր կյանք սկսելու հնարավորություն է տվել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109 հայ մանուկների: Կանադան սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ի պաշտպանություն արդարության ու ճշմարտության` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետերի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձները: Մենք կարևորում ենք ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հանդեպ Կանադայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշումը և արժևորում ենք կանադացի այն խորհրդարանականներին, ովքեր անձամբ այցելել են Արցախ: Հայաստանի ու Կանադայի միջև փոխայցելություններն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում են շարունակական բնույթ: Վերընթաց զարգացում են ապրում տնտեսական հարաբերությունները, որոնք տարածվում են բազմաթիվ ոլորտների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև հանքարդյունաբերություն: Ամուր են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: Արդյունավետ է մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հատուկ գոհունակությամբ պետք է նշեմ մեր սերտ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որի գագաթաժողովը 2018թ. հյուրընկալելու պատվին արժանացավ Հայաստանը: Ցանկանում եմ ընդգծել այն կարևոր դերը, որ կանադահայ համայնքը խաղում է` բազմաթիվ տարաբնույթ նախաձեռնություններով իրար կապելով մեր երկրները: Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտության և գովեստի խոսքեր հղել Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորին, ով իր անձնակազմի հետ միասին տեսանելի աշխատանք է տանում հանուն հայ-կանադական հարաբերությունների զարգացման: Այսօր հայ-կանադական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, նոր քառորդդարյա շրջան: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով բարեկամությունն ու գործընկերությունը Հայաստանի և Կանադայի միջև կշարունակեն խորանալ և ընդլայնվել` նոր նշանակալի էջեր գրանցելով մեր հարաբերությունների շտեմարանում: Շնորհավորում եմ այս կարևոր հոբելյանի` Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով»: Միջացառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան կանադացի և հայ արվեստագետներ։

Նմանատիպ նյութեր