211652_close_icon
views-count4800 դիտում article-date 17:51 28-01-2017

Փետրվարի 1-ից ընդունվում են «Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հայտերը

Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու և խրախուսելու, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում նշանակալի նվաճումները հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թ. մարտի 25-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում. ◆ Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ ◆ Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող ◆ Դասական ժանրում լավագույն ալբոմ ◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ ◆ Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող ◆ Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ Մասսայական (POP) ժանրում. ◆ Լավագույն երգիչ (ուհի) ◆ Լավագույն ռոք խումբ ◆ Լավագույն ջազ խումբ կամ կատարող ◆ Լավագույն ալբոմ ◆ Տարվա հիթ ◆ Լավագույն համերգային ծրագիր (բոլոր ժանրերում) ◆ Լավագույն տեսահոլովակ (բոլոր ժանրերում) Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2016 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք): Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները, որոնք նախագահում են` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (դասական ժանրում), ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը (ժողովրդական ժանրում) և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը (մասսայական (POP) ժանրում): Մրցանակաբաշխության հաղթողները կարժանանան «Ծիծեռնակ» մրցանակին, որը հեղինակել է Արման Դավթյանը (Նուռ): Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ: Հայտը պետք է ներկայացվի համաձայն կից ձևաչափի: Ներկայացված նյութերը հայտատուին չեն վերադարձվելու: Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. փետրվարի 1-ից 28-ը, ժամը 10:00-ից մինչև 17:00` բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (հասցե` Ամիրյան 26, 3-րդ հարկ, 321 սենյակ): Տեղեկությունների համար զանգահարել 099-88-21-10, էլեկտրոնային հասցե` [email protected]:

Նմանատիպ նյութեր