43931 դիտում
13:27 26-01-2017
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ները. կա 5 վիրավոր, ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Երևան- Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes E 320 մակնիշի 17 ՏV 177 համարանիշի և Mercedes E124 մակնիշի 34 AՍ 800 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, որոնցից 2-ին քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով են տեղափոխել, իսկ 3-ին՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Ըստ հավաքվածների՝ վերջիններս են վիրավորներին ուղեկցել հիվանդանոց։
Օպերատիվորեն են գործել բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին եղել է անցանելի. տեղի Ճանշինի աշխատակիցները կատարել են ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ և ոչ մի խոչընդոտ չի եղել։
Եթե վթարի մեղավոր վարորդը զգոն լիներ, ապա այն տեղի չէր ունենա։
Այս պահին էլ Արագածի ճանշինը իրենց տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ անհրաժեշտ աղ ու ավազն են պահեստավորում, ոչպեսզի անհրաժեշտության դեպքում տեղացող ձյունից հետո շարունակեն կատարել ճանապարհի մշակման աշխատանքները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+