211652_close_icon
views-count2909 դիտում article-date 18:54 24-01-2017

Վիեննայում Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել. ելույթ է ունեցել նաև Վիեննայի պետական օպերայի բարիտոն Խաչիկ Պայվերթյանը

Հունվարի 22-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ պոլսահայ անվանի գրող, հրապարակախոս, «Ակօս» օրաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի անդամ, «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչ Բերիվան Ասլանը, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ոգեկոչման արարողությունն սկսվեց եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ` ի հիշատակ Հրանտ Դինքի: Այնուհետև, եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Վերջինս նշեց, որ 10 տարի առաջ այդ օրն Ստամբուլում մասնակցում էր Հրանտ Դինքի հուղարկավորությանը՝ միաժամանակ շեշտելով, որ բավականաչափ տպավորվել էր հուղարկավորությանը մասնակցող հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունից, որոնք եկել էին հարգելու դավադրաբար սպանված թուրքահայ հասարակական գործչի հիշատակը և իրենց աջակցությունը հայտնելու Հրանտի ընտանիքին, թուրքահայ համայնքին և ողջ հայ ժողովրդին: Դեսպանն իր խոսքում նաև ընդգծեց, որ ցավալի է, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն այդպես էլ ի հայտ չի բերել սպանության իրական կազմակերպիչներին՝ համոզմունք հայտնելով, որ լրագրողների և առհասարակ մտավորականների նկատմամբ բռնությունների և սպանությունների բացահայտման ձախողումը կամ դրա ձգձգումն ստեղծում է անպատժելիության մթնոլորտ Թուրքիայում և դրանով իսկ խրախուսում անհարդուրժողականությունը: Դեսպանը հիշատակեց նաև, որ Դինքի սպանությունից տաս տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել ճշմարտության և արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը, որի մասին է վկայում Թուրքիայի խորհրդարանի նիստերին պատգամավոր Գարո Փայլանի մասնակցության արգելքը: Անուհետև, ելույթներով հանդես եկան ավստրիահայ համայնքի ներկայացուցիչները, իսկ եզրափակիչ ելույթով հանդես եկավ պատգամավոր Բերիվան Ասլանը, որն իր խոսքում նշեց, որ երկու տարի առաջ ինքը և իր կուսակիցներն ակտիվ աշխատանք են տարել Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված հայտարարության նախաձեռնման և ընդունման գործում: Միջոցառման ավարտին Վիեննայի պետական օպերայի բարիտոն Խաչիկ Պայվերթյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր