Աստանայում վերսկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները
Աստանայում երկրորդ օրըն է, շարունակվում են Սիրիայի հարցով բանակցությունները, որոնց մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրան և Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակում, հաղորդում է TASS-ը։
«Հանդիպումը վերսկսվել է, աշխատանքը շարունակվում է, մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»,-նշել է Միստուրան։
Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը այսօր դե Միստուրայի միջնորդությամբ շարունակելու են Սիրիայում հաշտության աջակցության մեխանիզմների քննարկումը։ Մասնակիցները նաև մտադիր են ավարտել փաստաթղթի համաձայնեցումը, որն ամրագրում է Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը։
Բանակցություններն ընթանում են ծանր ու լարված, քանի որ տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պետք է լուծում գտնեն։
Համատեղ մամուլի ասուլիսը տեղի կունենա Rixos President Astana հյուրանոցի /որտեղ անցկացվում են/ դիմաց գտնվող «Казмедиацентр»-ում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ տեղի ժամանակով ժամը 14։00-ն։ Ամենայն հավանականությամբ, ասուլիսին ներկա կգտնվեն բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները։