9758 դիտում
13:58 19-01-2017
Վարչապետն այցելել է Լոռու մարզ, որտեղ տեղի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ավտոճանապարհի վերակառուցման առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքների ընթացքին, որոնք սկսվել են 2016 թվականի սեպտեմբերից: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ամբողջությամբ կավարտվեն 2018 թ. մարտին: Ակնկալվում է՝ արդեն ընթացիկ տարվա աշնանն ավարտել ասֆալտապատման աշխատանքերը: Արդեն իսկ հայտարարվել է նաև ավտոճանապարհի երկրորդ՝ 58 կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքների իրականացման մրցույթը: Ճանապարհի վերակառուցման արդյունքում կբարձրանա անվտանգության մակարդակն ու թողունակությունը: Ծրագրի շրջանակում վերանորոգվում են նաև կամուրջներ և թունելներ: Ավտոճանապարհի առաջին հատվածի վերակառուցման նպատակով ներդրվել է 15,5 մլրդ դրամ, որը ներգրավվել է Եվրոպական ներդրումային բանկից և Ասիական զարգացման բանկից:
***
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարապետյանը հանդիպել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի առջև հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց աշխատավարձերի խնդրին լուծում տալու համար: Վճարվել է 166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը և ԽՍՀՄ տարիներին աշխատանքի հաջող փորձի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այն նախկինում եղել է մեծ երկրի մի հատված, երբ չկար մատակարարման, շուկայի սպառման խնդիր: Այդ պարագայում ձեռնարկությունն ունեցել է գործունեության բնականոն ռեժիմ: Անկախությունից հետո մենք կանգնել ենք այլ խնդիրների առջև, բազմաթիվ փորձեր են արվել, որպեսզի ներդրողը գա, կարողանա այդ բիզնեսը կազմակերպել և հասկանալի է, որ նա պետք է կարողանա այդ ապրանքը վաճառել:Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել և' օբյեկտիվ, և' սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը: Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»: Կարեն Կարապետյանը գործարանի աշխատակիցներին և մասնագետներին ևս հորդորել է ներկայացնել առաջարկություններ:
***
Կառավարության ղեկավարն այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ երկու հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:
***
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը և ավելացրել, որ արդեն իսկ մշակվել է այն մեթոդաբանությունը, որի հիման վրա համայնքների ղեկավարները ներկայացնելու են զարգացման հնգամյա ռազմավարությունը: «Հաջորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու հաշվետվություն է ներկայացնելու, թե իր ոլորտում ինչ ներդրումներ են լինելու, ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու: Նույն հաշվետվությունը ներկայացնելու է նաև յուրաքանչյուր մարզ: Նախորդ շաբաթ ամփոփվել են մարզային երեք այցերի արդյունքները. ստացված ծրագրերից 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան և այս պահին այն նախաձեռնությունները, որոնց մասին խոսել ենք մարզերում, ստացել են կոնկրետ ֆինանսավորում»,- ասել է վարչապետը: Նա ընդգծել է, որ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները, ախտորոշվելու են խնդիրները, ներկայացվելու են մարզպետի և նրա թիմի աշխատանքը գնահատելու հայտանիշերը: Անդրադառնալով Լոռու մարզի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է. «Ցանկանում եմ, որ այսօրվա հանդիպման ավարտին յուրաքանչյուրս միմյանցից բաժանվենք զգացումով, որ մենք հաստատ կարող ենք մեր երկիրը, մեր Լոռին, մեր Վանաձորը կառուցել և լավ ապրել, որովհետև ես դրանում ավելի քան համոզված եմ: Ուղղակի պետք է յուրաքանյուրս մեր ուժը, մեր կարողությունը, մեր առավելությունները գնահատենք ու ճիշտ, քայլ առ քայլ առաջ շարժվենք»:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում արդյունաբերական է ու գյուղատնտեսական, տարեկան մակրոտնտեսական ծավալը կազմում է 356 մլրդ դրամ, արդյունաբերական արտադրանքի ծավալը 95 մլրդ դրամ է, որի 76 տոկոսն ապահովում են երեք խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ: Արթուր Նալբանդյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Լոռիում շարունակական զարգացում է ապրում գյուղատնտեսության ոլորտը. արդյունքում՝ առկա 42 հազար վարելահողերից օգտագործվում է 74 տոկոսը՝ 2012 թվականի 48 տոկոսի դիմաց: Մարզի համայնքների ղեկավարների առջև խնդիր է դրվել ընթացիկ տարում ավելացնել սեփական եկամուտները, այժմ մշակման փուլում է մարզի զարգացման հնգամյա ռազմավարությունը: Անդրադառնալով մարզկենտրոն Վանաձորին՝ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ քաղաքի զարգացման նպատակով իրականացվելու են շուրջ 20 մլն դոլարի ծրագրեր՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Ծրագրերը կյանքի են կոչվելու նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Նալբանդյանն ընդգծել է, որ մեծ հույսեր են կապում նաև մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հետ և Լոռին հայտարարվելու է SMART մարզ: Բացի գործող տեղեկատվական կենտրոնից, գարնանը սկսվելու են Վանաձորի Թումո կենտրոնի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև նոր SMART կենտրոնի հիմնումը: Մարզպետի խոսքով՝ Լոռիում զարգանում է նաև զբոսաշրջության ոլորտը և վերջին երեք տարիների ընթացքում այն ապահովել է 18-20 տոկոսի աճ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը և նշել, որ կառավարությունը կանգնելու է այն համայնքի կողքին, որն ունի հստակ ծրագիր և ձևակերպում է, թե իրեն ինչ է պետք, կառավարության մասնակցությունն ինչում պետք է լինի և իր վերցրած բեռն ինչքան է լինելու: Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակվել է կոնկրետ ծրագիր, որտեղ օգտագործվել են Գյումրիի տեխնոպարկի մասնագետների գաղափարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է նմանօրինակ ծրագիր մշակել նաև Վանաձորի համար, ուստի անհրաժեշտ է ելակետային տեղեկատվություն ունենալ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
Անդրադառնալով մարզում առողջապահության ոլորտում առկա իրավիճակին՝ կառավարության ղեկավարը պատասխանատուներին հորդորել է ոլորտ ներգրավել մասնավոր կառավարիչներ, ինչը կնպաստի ծառայությունների ընդլայնմանը, առողջապահական բիզնեսի աշխուժացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
«Առողջապահության ոլորտը ողջ աշխարհում կառավարում է մասնավորը, ինքն իրենից չի գողանում, դուք էլ հսկում եք: Անպայման փորձեք ներգրավել մասնավոր հատվածին: Առողջապահության ոլորտը մեր բյուջեի 6,4 տոկոսի ծախսային մասն է, ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մենք գիտենք, որ ոլորտում կա մեծ ստվեր, ունենք արհեստական գներ, որոնք առաջացնում են կոռուպցիոն ռիսկ: Այդ ողջ դաշտը պետք է մաքրենք, առողջապահությունը պետք է դառնա բիզնես, բիզնեսը պետք է տա հարկեր, հարկերից մենք պետք է ծառայություններ մատուցենք սոցիալապես անապահովին, որպեսզի նա ստանա ժամանակակից, արժանավայել բուժօգնություն»,- շեշտել է վարչապետը՝ հորդորելով իրականացնել նաև օպտիմալացման ծրագրեր և կառավարությանը ներկայացնել առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն հաջողակ ֆերմերներ և ավելացրել, որ կառավարությունը ցանկանում է ամեն կերպ աջակցել նրանց: Գործադիրի ղեկավարը կարևորել է գյուղոլորտով զբաղվողների համար ուսումնական դասընթացների կազմակերպումը, որը պետք է լինի պրակտիկ ու առավելագույնը պարզ: «Ագրարային համալսարանի առջև դրվել է հստակ ծրագիր՝ կազմակերպել նման դասընթացներ բոլոր մարզերում: Մենք պետք է ֆերմերին օգնենք, որ զարգանա: Ցանկանում ենք ունենալ խելացի գյուղատնտեսություն: Այսօր ինտենսիվորեն քննարկվում է կաթիլային ջրամատակարարման համակարգի ներդրման հարցը, ինչը կարող է տալ մեծ տնտեսական օգուտներ, նվազեցնել ֆունդամենտալ ենթակառուցվածքների վրա ծախսվող միջոցները»,- ավելացրել է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մարզերից ստացված ծրագրերը տեղայնացնելու շրջանակում ստեղծվելու է հարթակ՝ գործարարների համար ևս բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բացատրելու ենք՝ բիզնես ծրագիրն ինչպես է պետք կազմել, որպեսզի բիզնես աշխարհն «արթնանա», և այն գաղափարները, որոնք ունի, սակայն չի կարողանում կիրառել, կարողանա կյանքի կոչել: Ուսումը բերելու է որակի նոր փոփոխություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է 198 մասնագետի կարիք, վերաբաշխումը դժվար է իրականացնել: Վարչապետն անհրաժեշտ է համարել ուսուցիչներին ավելի վճարելով, օպտիմալացման ծախսերը նվազեցնելով՝ շահագրգռել դասավանդել հարակից համայնքների դպրոցներում: «Անպայման պետք է հասկանալ, թե ծախսերում որտեղ է առկա ավելցուկ. այդ ծախսը պետք է կրճատել, այդ ծախսից բոնուսային վճարել ուսուցչին, որպեսզի մաթեմատիկայի կամ հայոց լեզվի մանկավարժը գնա գյուղում աշխատելու: Վստահ եմ, որ եթե համակարգված մոտենանք հարցին, բազմաթիվ խնդիրներ ինքներդ կլուծեք: Մենք մանկավարժի նկատմամբ պետք է ցուցաբերենք հատուկ ուշադրություն: Եթե վաղը ցանկանում ենք ունենալ ապահով երկիր, խելացի երկիր, անվտանգ երկիր, պետք է ունենանք գրագետ քաղաքացի, իսկ գրագետ քաղաքացի կունենանք միայն այն դեպքում, եթե կարողանանք լավ ուսում տալ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով գյուղական համայնքներում բարձրորակ կրթության ապահովումը. «Մեր բոլոր չեմպիոնները, ազգի լավագույն մարդիկ, ամենամեծ արդյունք տվածները փոքր համայնքներից դուրս եկածներն են: Եթե այսօր մեր երեխային փոքր գյուղական համայնքում չենք տալիս լավ կրթություն, ապա վաղվա մեր լավ օրվա գլխին քար ենք գցում»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լոռին ունեցել է արդյունաբերական, գիտահետազոտական պոտենցիալ և նշել, որ անհրաժեշտ է ներկայացնել ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ, ձևակերպել մարզի երազանքը: Վարչապետի խոսքով՝ պետք է հաշվի առնել Վրաստանին սահմանակից լինելու հանգամանքը, այդ համատեքստում ևս մշակել կոնկրետ ծրագրեր, որոնք կներկայացվեն ներդրողներին: «Մենք պետք է ներդրողին համոզենք, որ Լոռու մարզում կարելի է գումար դնել, գումար աշխատել և շահույթ ստանալ: Յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր տեսլականն ու երազանքը, այն տա թղթին և քայլ առ քայլ գնա դրա իրականացման հետևից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան հարկային և մաքսային ոլորտում վարչարարության պարզեցման հարցին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ոլորտի բարեփոխումները լինելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ուշադրության ներքո: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսի համար այդ դաշտը հասկանալի լինի: Ավելին, հարկային մարմինն ու բանկերը պայմանավորվել են, որ ՊԵԿ-ը ռանգավորելու է օրինապաշտ հարկատուին, ինչը կբերի նրան, որ բանկային համակարգն օրինական հարկատուին վերաբերվի որպես կանխատեսելի բիզնեսմենի և վերջինիս վարկ տրամադրի ցածր տոկոսներով»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, փոքր և միջին բիզնեսի զարգացման մի շարք ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք ծրագրային փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
775 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
880 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
631 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին