Եգիպտոսի իշխանությունները նախկին ֆուտբոլային աստղին ահաբեկիչների ցուցակում են ընդգրկել
Եգիպտոսի իշխանությունները եգիպտական ֆուտբոլի նախկին աստղ Մոհամեդ Աբուտրիկին ընդգրկել են ահաբեկիչների ցուցակ` երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման հետ ենթադրվող կապերի համար:
Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի փաստաբանը մտադիր է բողոքարկել այդ որոշումը` հիմնավորելով, որ նա չի դատապարտվել կամ պաշտոնապես չի տեղեկացվել իր դեմ առաջ քաշված մեղադրանքների մասին:
Աբուտրիկն ինքն է հերքում իր աջակցություն իսլամական շարժմանը: Ներկայումս նա գտնվում է Գաբոնում, որտեղ մեկնաբանում է Աֆրիկյան ազգերի գավաթի մրցաշարի հանդիպումները:
2013թ. իր կարիերան ավարտելուց հետո Աբուտրիկը զբաղվում էր բիզնեսով, սակայն 2016 թվականին ոստիկանությունը առգրավվել էր նրա բոլոր ակտիվները: Հետապնդումների հիմնական պատճառ է համարվում այն, որ 2012թ. Աբուտրիկը հրապարակավ աջակցություն հայտնեց «Մուսուլման եղբայրների» առաջադրված նախագահի թեկնածու Մուհամեդ Մուրսիին: