86689 դիտում
17:29 07-01-2017
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. կանայք և մանկահասակ երեխաները գիշերվանից մնացել են ձնաբքի տակ. մեղավորը Լոռու մարզպետարանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 6-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել է, իսկ պատկան մարմինները չեն մտածում` իրենց նստատեղերը բազկաթոռներից հանեն և զբաղվեն իրենց բուն աշխատանքով, այն է՝ ապահովեն ճանապարհների անվտանգ երթևեկություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 10-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց ուղևորների մեծ մասը կանայք են և անչափահաս երեխաներ, մնացել են ձնաբքի տակ և չեն կարողանում շարժվել, քանի որ Լոռու մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները «արջաքուն են մտած»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներն ասում էին. «Ողջ գիշեր մնացել ենք անօգնական. ոչ մի ծառայություն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Էլ թեժ գիծ, էլ Լոռու մարզպետարան, զանգել է, որ զանգել ենք, հեռախոսներն իրենց տերերի նման անհասանելի են։ Մատղաշ էրեխեք են, անգամ կրծքի, բայց, միևնույն է, օգնության ձեռք չեն մեկնում։ Մեքենաներով չենք կարողանում անգամ 1 մետր առաջ գնանք, քանի որ ճանապարհներից ձյունը չի հեռացվել»։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ճանապարհի մաքրման պատասխանատուն Լոռու մարզպետարանն է, և քիչ առաջ այդ մասին տեղեկանալով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ զարմացավ, որ ինքը երեկվանից նման ինֆորմացիա չունի, ապա խոստացավ, որ կարճ ժամանակում անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին, որից հետո իր հսկողությամբ կկատարվեն ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+