211652_close_icon
views-count2882 դիտում article-date 10:43 22-12-2016

Երբ գողացող չինովնիկը հասարակության մեջ ընկալվի նույն կերպ, ինչպես մանկապիղծը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ զրուցում էի ուկրաինացի հասարակական գործչի հետ, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով։ Խոսք գնաց այն մասին, որ ապօրինի հարստացմանը վերաբերող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ և այն պաշտոնյաները, որոնք 25 տարի «կերել են», արդեն իսկ միլիոնավոր դոլարներ ունեն, նրանք, ասենք, հաջորդ տարվա հունվարի մեկից կարող են և չգողանալ և վայելել արդեն իսկ թալանածը։ Զրուցակիցս դրան հակադարձեց՝ այն մարդը, որը 25 տարի թալանել է, չի կարողանա հունվարի 1-ից կանգ առնել։ Նա կշարունակի տենչալ նոր հարստություններ, նոր հաճույքներ և վայելքներ։ Նույնիսկ եթե նա ինչ-որ հրաշքով որոշի, այնուամենայնիվ, չգողանալ, ապա միևնույն է, նորանոր միլիոններ են պետք լինելու՝ սեփական զբոսանավը, 200 հազարանոց ավտոմեքենան և 4 հարկանի պալատը սպասարկելու համար։ Այնպես որ, ըստ իմ զրուցակցի, օրենքի հետադարձ ուժ պետք էլ չի՝ կոռումպացված պաշտոնյան չի փոխի իր վարքագիծը, և ցանկության դեպքում նրան հնարավոր է կանգնեցնել դատարանի առջև։ Այստեղ, կարծես թե, վիճելու տեղ չկա։ Մեկ այլ թեզ Հայաստանի դեպքում ինձ վիճելի է թվում։ Զրուցակիցս վստահ է՝ եթե այս կամ այն չինովնիկի շուրջ կոռուպցիոն սկանդալ է առաջանամ, ապա, անկախ դրա ելքից, դա այնպիսի վնաս կհասցնի նրա վարկին, որ այդ անձնավորությանը այլևս չի կարողանա աշխատել իր պաշտոնում, չի կարողանա ընտրվել պատգամավոր։ Նախ՝ դա հնարավոր է այնպիսի երկրում, որտեղ հասարակական կարծիքը էական ազդեցության ունի պատգամավոր կամ, ասենք, նախարար լինել-չլինելու վրա։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։ Բայց դա ամենասարսափելին չէ. շատ ավելի վատ բան կա՝ հասարակական կարծիքը կարող է ապօրինի հարստացածի կողմից լինել՝ «այո, գողանում է, այո, հարկեր չի մուծում, բայց ժողովրդի մասին է մտածում, ժողովրդի կողքին կանգնած է, բարերար է, հայրենասեր է, 5 եկեղեցի է կառուցել, հետևաբար նաև՝ աստվածավախ է»։ Այսինքն՝ կոռուպցիան կարող է և չխանգարել «համաժողովրդական հիացմունքին»։ Այ, երբ գողացող չինովնիկը հասարակության մեջ ընկալվի նույն ձևով, ինչպես ընկալվում է, ասենք, մանկապիղծը, ահա այդ ժամանակ է, որ պաշտոնյան տասն անգամ կմտածի՝ գողանալուց առաջ։ Կոռուպցիայի, ինչպես և շատ այլ բացասական երևույթների հիմքում, ինձ թվում է, «քյարթու» մտածելակերպն է»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր