ԱԺ նախագահի, նախագահի ու վարչապետի արարողակարգի գնումների ծախսերը գաղտնի կլինեն
Ազգային ժողովն այսօր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն» ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 92 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ ձայներով:
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քվեարկությունից առաջ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ օրենքների արագ բերելու պատճառով իրենք չեն հասցնում նորմալ ծանոթանալ նախագծերին. «Խնդրում եմ պարզաբանել. մամուլում տեղեկություններ եղան, որ այս օրենքով նախատեսվում է, որ ԱԺ նախագահի, նախագահի ու վարչապետի պետական ծախսերը դառնում են պետական գաղտնիք ու թափանցիկ չեն լինելու»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ է այդ մասին թերթից տեղեկացել, ու դժվար թե նման բան լինի:
Գալուստ Սահակյանի պատասխանը ծիծաղ առաջացրեց դահլիճում: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը պարզաբանեց. փակ է լինելու միայն արարողակարգի գնումները:
«Եթե մամուլին հավատում եք, հավատացեք նաև օրենքին: Մեկ ամիս է` կա այս նախագիծը, արդեն երրորդ ընթերցում ենք գնում, զուտ արարողակարգի մասին է, թե որ ռեստորանում է պետք հաց ուտել...»,- ասաց Վարդան Այվազյանը:
«Գնումների մասին» օրենքում փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին՝ 77 կողմ, 22 ձեռնպահ, 2 դեմ հարաբերակցությամբ: