211652_close_icon
views-count1623 դիտում article-date 18:22 06-12-2016

Առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ. «Նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու անհատ պատգամավորներին` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շահագրգիռ, քննադատական եւ համակողմանի քննարկումների համար: Պետական բյուջեի նախագիծն արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը եւ միեւնույն ժամանակ նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում: Հենց այդ կարեւորությամբ էլ պայմանավորված էին Ազգային ժողովում տեղի ունեցած շահագրգիռ քննարկումները քաղաքական տարբեր ուժերի եւ անհատ պատգամավորների մասնակցությամբ: 2017 թվականին պլանավորվող հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բավականաչափ հուսադրող են եւ կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծվեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Մասնավորապես, առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 5.5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4.0 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 2.8 տոկոսով: Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռեւս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք` տնտեսության բնականոն գործունեության ապահովման եւ հետագա զարգացման համար: Զերծ մնալով վերջին տարիներին գրանցված դրական զարգացումների արձանագրումից՝ ցանկանում եմ հիմնական ուշադրությունը հրավիրել առաջիկա տարվա ընթացքում մեր հիմնական անելիքների եւ քայլերի վրա: Կարծում եմ՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրում առկա տարաբնույթ խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները: Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները դեռեւս բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների համապարփակ եւ ամբողջական լուծման համար: Սակայն, միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ առկա բյուջետային միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով՝ կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Հարկ եմ համարում նշել, որ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը տնտեսական գործունեության իրականացման եւ ընդլայնման հեռանկարների առկայությունն է: Դա պահանջում է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկություններին անհրաժեշտ օժանդակության եւ աջակցության ցուցաբերում: Պետք է գործուն մեխանիզմներ ներդնել պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծմանը: Հարգելի պատգամավորներ, ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Ուստի, կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այդ կերպ աջակցել կառավարության գործունեության արդյունավետ իրականացմանը»:

Նմանատիպ նյութեր