211652_close_icon
views-count33871 դիտում article-date 23:30 06-12-2016

Անզեն, առանց ատելության, առանց բռնության. Դարի ամենամեծ բանկային կողոպուտը

Բանկային ամենամեծ կողոպուտն իրականացրել է Ալբեր Սպաջարին: Նրա ծնողներն իտալացի էին, ապրում էին Ֆրանսիայի Պրովանս երկրամասում: Նա 3 տարեկան էր, երբ մահացավ հայրը: Մայրը բնակություն հաստատեց Յեր գյուղում, որտեղ աշխատում էր կանանց ներքնազգեստի խանութում և խնամում միակ երեխային, որը հետագայում պիտի հռչակվեր 20-րդ դարի մեծագույն գող: 16 տարեկանում Ալբեր Սպաջարին հեռանում է Յերից և մեկնում Սիցիլիա, որտեղ գործակցում է հայտնի քրեական հեղինակություն՝ Սալվատորե Ջուլիանոյի, շփվում հանցագործների հետ: 18 տարեկանում նա կատարում է առաջին գողությունը, գողանում է թանկարժեք ադամանդ և այն նվիրում ընկերուհուն: Այդ տարի նա զորակոչվում է բանակ, ծառայում պարաշյուտադեսանտային ստորաբաժնում, մասնակցում Հնդկաչինի պատերազմին, երկու անգամ վիրավորվում և զորացրվում: 1953թ. հունվարի 31-ին վերադառնում է Հնդկաչին: Ընկերների հետ այցելում է հասարակաց տուն, որտեղից գողություն է կատարում: Ձերբակալվում է մի քանի ամիս անց, և օգոստոսի 17-ին դատապարտվում 5 տարի տաժանակրության, ինչպես նաև նրան արգելվում է 20 տարի մուտք գործել Հնդկաչին: Նոյեմբերին Սպաջարիին արտահանձնում են Ֆրանսիա: Նա պատիժը կրում է Մարսելի «Բոմետե» բանտում, որտեղ նա յուրացնում է նաև եռակցողի և պղնձագործի մասնագիտությունները: [img]/ups/images/031348000148101814831369.jpg[/img] [i]Բոմետե բանտը դրսից և ներսից[/i] 1957թ. Սպաջարին ազատ է արձակվում և վերադառնում հայրենի Յեր գյուղը, որտեղ ծանոթանում է առաջին կնոջ՝ Օդիի (Audi) հետ, որը բուժքույր էր աշխատում: Նրանք ամուսնանում են երկու տարի անց և տեղափոխվում Սենեգալ, հաստատվում Դեկար քաղաքում: Ալբերը աշխտանքի է անցնում չհրկիզվող պահարաններ արտադրող գործարանում: Սենեգալում ամպրում են մեկ տարի, հետո վերադառնում Ֆրանսիա: [img]/ups/images/0891954001481018162487510.jpg[/img] [i]Ալբեր Սպաջարի[/i] Ալժիրում անկախության հանրաքվե անցկացնելուց հետո Սպաջարին անդամագրվում է ազգայնական «Գաղտնի զինված կազմակերպությանը» (Organisation armée secrète (OAS)): OAS-ը դեմ էր Ալժիրին անկախություն շնորհելու դը Գոլի քաղաքականությանը: Սպաջարին որոշ ժամանակ անց մեղադրվում է Շարլ Դը Գոլի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի հաստատվում և նա շուտով ազատ է արձակվում: Իսկ 1962թ. խստանում են OAS-ի անդամների նկատմամբ հետապնդումները: Սպաջարին ևս կալանավորվում է OAS-ի թռուցիկները տարածելու համար, դատապարտվում 4 տարվա ազատազրկման: Ի պատասխան զանգվածային հետապնդումների՝ OAS-ը պայթեցնում է Ստրասբուրգ-Փարիզ գնացքը, զոհվում է 28 մարդ: [img]/ups/images/0397247001481018174249772.jpg[/img] [i]Ալբեր Սպաջարիի բանտային լուսանկարը 1962թ.[/i] Սպաջարին պատիժը կրում էր «Սանտե» բանտում, որտեղ նա գրում է իր առաջին ինքնակենսագրական գիրքը «Չի կարելի ծիծաղել բարբարոսների հետ» (Faut pas rire avec les barbares) վերնագրով: [img]/ups/images/003867400148101818583434.jpg[/img] [i]Սանտե բանտը և Սպաջարիի բանտում գրած առաջին գրքի կազմը[/i] 1965թ. Սպաջարին ազատ է արձակվում, բնակություն հաստատում սկզբում Բեզոդյոն-Լեզ-Ալպ (Bézaudun-les-Alpes) գյուղում, այնուհետև տեղափոխվում Նիս, որտեղ ակտիվ ազգայնական գործունեություն ծավալում: Նույն տարում նա Ֆրանսիայի նախագահի ընտրություններում մասնակցում է ազգայնական թեկնածու, ուլտրաաջ ուժերի առաջնորդ Ժան-Լուի Տիկսյե-Վինյակուրի ընտրարշավին: Առաջին փուլում Տիկսյե-Վինյակուրը ստանում է 5% ձայն և իր ընտրողներին կոչ անում երկրորդ փուլում քվեարկել սոցիալիստ Ֆրանսուա Միտերանի օգտին: Դրանից հետո Ալբեր Սպաջարին դադարում է քաղաքականությամբ զբաղվել: [img]/ups/images/0941052001481018217974492.jpg[/img] [i]Ժան-Լուի Տիկսյե-Վինյակուրը և Ֆրանսուա Միտերանը[/i] Քաղաքական գործունեությունից ձանձրանալով, Սպաջարին Նիս քաղաքում բացում է ֆոտոստուդիա և զբաղվում հարսանյաց հանդեսներ լուսանկարելով: Նա ապրում է խաղաղ, մեկուսի կյանքով, Նիսի ծայրամասային թաղամասերից մեկում, մի լքված մարագում, որի վրա գրել էր «Վայրի բադեր»: «Վայրի բադեր» մարագը նրա ֆոտոլաբորատորիան էր: Շուտով նա ձանձրանում է միապաղաղ կյանքից և սևեռվում հանդուգն գողություն կազմակերպելու մտքի վրա: [img]/ups/images/0116824001481018233529648.jpg[/img] [i]Société Générale բանկի շենքը[/i] Սպաջարիի ընկերները տեղեկանում են, որ Société Générale (ֆրանսիական բանկ, հիմնադրվել է 1864 թվականին, ներկայում ունի 30 միլիարդ դոլարի կապիտալ) բանկի Նիսի մասնաճյուղի պահոցը գտնվում է քաղաքային կոյողու ջրատարից 8 մետր հեռավորության վրա: Նրանք մտադրվում են փորել 8-մետրանոց թունել և մուտք գործել բանկ: Բայց կասկած է ծագում, որ հողային աշխատանքների ժամանակ ազդանշանային համակարգը կարող է միանալ: Եվ Սպաջարին որոշում է ստուգել: Նա բանկի պահոցում արկղ է պատվիրում և իր արկղում զարթուցիչ է դնում: Գիշերը պահոցում զարթուցիչը միանում է, իսկ բանկի ազդանշանային համակարգը չի միանում: Այդ հաշվի առնելով Սպաջարին և ընկերները սկսում են գործողությունը: [img]/ups/images/0879699001481018242369543.jpg[/img] [i]Սպաջարիի և ընկերների փորած թունելը[/i] Գործողության օրն ընտրվում է Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, երբ բոլորը բարձր տրամադրության մեջ են և ամենուր բարձր երաժշտություն է հնչում: 1976թ. հուլիսի 14-ի առավոտյան նրանք սկսում են քանդել Նիսի քաղաքային կոյուղու ջրատարի պատը, 8 մետր թունել փորում, քանդում 1,8 մետր հաստությամբ երկաթբետոնե պատը և հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը մտնում Société Générale բանկի պահոց: Նրանք կոտրում են պահոցի արկղերը, որտեղից հանում մեծ քանակությամբ դրամ և թանկարժեք իրեր: Արկղերից մեկում նրանք գտնում են պետական մի քանի գործիչների մերկ լուսանկարները, որոնք, հավանաբար, պահվում էին շանտաժի նպատակով: Սպաջարին և ընկերները բանկի պահոցում կերուխում են սկսում և հեռանում միայն լուսաբացին: Առավոտյան բանկի պահակները հայտնաբերում են գինու և գարեջրի տասնյակ դատարկ շշեր, սննդի մնացորդներ, կիսադատարկ ափսեներ և բաժակներ: Այնպիսի տպավորություն էր, որ մի խումբ մարդիկ բանկի պահոցում ամբողջ գիշեր հարբել են: Արկղերից մեկից գտնված մերկ լուսանկարները փակցված էին պահոցի պատերին՝ ամբողջ երկայնքով: Կողոպտիչները ոստիկաններին թողել էին գրություն՝ «Անզեն, առանց ատելության, առանց բռնության» (Sans armes, ni haine, ni violence): Սպաջարին և ընկերները բանկից տանում են մոտ 50 միլիոն ֆրանկ (ներկա համարժեքով մոտ 29 միլիոն եվրո): Կոյուղու ջրատարի ելքերից մեկի մոտ նրանց սպասում էին 4х4 Land Rover ավտոմեքենաներ, որոնցով նրանք հեռանում են: 3 ժամ անց կոյուղու ջրատարի ջրի մակարդակը բարձրանում է և ջնջում բոլոր հետքերը: Սպաջարին որոշ ժամանակ ապրում է երկրորդ կնոջ՝ Էմիլյա դե Սակոյի տանը: Թերթերը այդ կողոպուտը համարում են «Դարի ամենամեծ բանկային կողոպուտը»: [img]/ups/images/045640300148101826087930.jpg[/img] [i]Բանկի դիմաց հերթը 1976թ. հուլիսի 20-ին[/i] Սկզբում ոստիկանությունը ոչ մի հետք չի գտնում, սակայն հոկտեմբերի վերջին ձերբակալվում է խմբի անդամներից մեկը՝ ընկերուհու անզգույշ մատնությամբ: Ձերբակալվածը տալիս է ընկերներից մի քանիսի անունները, ինչպես նաև ասում է, որ ղեկավարը Բերտն է: Ոստիկանները ենթադրում են, որ Բերտը նույն Ալբեր Սպաջարին է: Նրան ձերբակալում են հոկտեմբերի 27-ին Նիսի օդանավակայանում (Ճապոնիայից վերադառնալիս): Հաջորդ օրը նրա կնոջ՝ Էմիլյայի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվում են 6 ինքնաձիգ, զինամթերք և 6 միլիոն իտալական լիր: [img]/ups/images/0513816001481018273528616.jpg[/img] [i]Ալբեր Սպաջարիին ուղեկցում են դատարան, աջից՝ Ժակ Պեյրատը[/i] Սպաջարիի փաստաբանը Ֆրանսիական լեգիոնի վետերան Ժակ Պեյրատն էր: Վերջինս հետագայում ընտրվում է Նիսի քաղաքապետ: Հարցաքաննության ժամանակ Սպաջարին հերքում է բանկի կողոպուտի վերաբերյալ մեղադրանքները: Սակայն երբ քննիչները սպառնում են մեղադրել նրա կնոջը՝ Էմլիային, զենք-զինամթերք պահելու մեջ, այդ ժամանակ Սպաջարին խոստովանում է հանցանքը, սակայն պնդում, որ դա արել է Calena կոչվող գաղտնի կազմակերպության պատվերով (իրականում այդպիսի կազմակերպություն ընդհանրապես գոյություն չունի): Այդ պնդումը հաստատելու համար նա 1977թ. մարտի 10-ին դատական հերթական նիստի ժամանակ դատարանի ուշադրությանն է ներկայացնում ծավալուն մի տեղեկանք, որտեղ նկարագրում է Calena գաղտնի կազմակերպության ծրագրերը և գործողությունները: Դատավորը խճճվում է Սպաջարիի նեկայացրած թղթերի և գծագրերի մեջ: Այդ ժամանակ Սպաջարին խնդրում է թույլ տալ իրեն մոտենալ և պարզաբանել ինչն ինչոց է: Դատավորը թույլ է տալիս մոտենալ: Սպաջարին մի քանի քայլ անում է դեպի դատավորը, հանկարծ կտրուկ շրջվում, վազելով մոտենում է դատարանի դահլիճի պատուհանին, դուրս է ցատկում երկրորդ հարկից՝ մոտ 7 մետր բարձրությունից, վայրէջք կատարում բակում կայանած մեքենայի տանիքին, այնուհետև փախչում մոտակայքում իրեն սպասող մոտոցիկլով: Մեկ շաբաթ անց դատարանի բակում կայանած մեքենայի վարորդն անհայտ նվիրատուից ստանում է 5000 ֆրանկ՝ մեքենայի տանիքը նորոգելու համար: Դրանից հետո ոստիկանության բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում՝ Սպաջարին չի բռնվում: Նրան հեռակա դատապարտում են ցմահ ազատազրկման: Եվս հինգ անձինք, որոնք ընդունում են մեղադրանքը, դատապարտվում են 8-ից 14 տարվա ազատազրկման: Ասեկոսեներ են տարածվում, թե Սպաջարին երկրում չի, սակայն ժամանակ առ ժամանակ ծպտված վերադառնում է հայրենիք, այցելում կնոջն ու մորը: 1983թ. Սպաջարին մեծ տեսահարցազրույց է տալիս Մադրիդում, մանրամասն պատմում է «Կոյուղու ավազակախմբի» հայտնի կողոպուտի մասին: Այդ հարցազրույցից հետո կողոպուտի գործով բոլոր ազատազրկվածները բանտից ազատ են արձակում: Նրա վերջին գրքի՝ «Տրյուֆելի օրագիրը» շնորհանդեսի ժամանակ նա ևս մեկ հարցազրույց է տալիս Միլանի հեռուստատեսային մի ծրագրի, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում Իտալիայում: 1989թ. հունիսի 10-ին Սպաջարիի մայրը, որն ապրում էր Յեր գյուղում, առավոտյան իր տան դռան դիմաց տեսնում է որդու՝ Սպաջարիի դիակը դագաղի մեջ դրված: Հետագայում պարզվում է, որ նա մահացել էր քաղցկեղից, երկու օր առաջ՝ հունիսի 8-ին Իտալիայում, Բելունո գյուղում, կնոջ՝ Էմիլյայի ձեռքերի մեջ: Էմիլյան ամուսնու դիակը գաղտնի տեղափոխել էր Ֆրանսիա՝ ոստիկանությանը ներկայացնելով, իբր միս է տեղափոխում: Սպաջարին իր ցանկությամբ թաղվում է հայրենի գյուղում: [img]/ups/images/0520609001481018285835157.jpg[/img] [i]«Անզեն, առանց ատելության, առանց բռնության» ֆիլմի ազդագրերը[/i] Ալբեր Սպաջարին գրել է երեք գիրք. «Չի կարելի ծիծաղել բարբարոսների հետ» (հրատարակված է 1977թ.), «Դրախտի կոյուղիները» (հրատ. 1978թ.), «Տրյուֆելի օրագիրը» (հրատ. 1983թ.): Իսկ նրա մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր: «Անզեն, առանց ատելության, առանց բռնության» գեղարվեստական ֆիլմն էկրան է բարձրացել 2008-ին:

Նմանատիպ նյութեր