211652_close_icon

Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպում ոստիկանությունում

views-count3463 դիտում article-date 21:26 02-12-2016
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումը, որը վարում էր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ինչպես և մի շարք շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնյաներ և ոլորտի մասնագետներ: Հանդիպման օրակարգում քննարկման դրված երեք հարցերը վերաբերում էին Հայաստանի Հանրապետությունում կոդեին պարունակող դեղերի շրջանառության կանոնակարգմանն ու դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրներին, փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներկրման ու արտահանման և թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի ու դրանց պրեկուրսորների օրինական շրջանառությունից դեպի անօրինական շրջանառություն հոսքի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: Ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ռաֆայել Զաքարյանը կարևորեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում շահագրգիռ բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքը: Օրակարգի հարցերը ներկաների քննարկմանը ներկայացրեց ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ օպերատիվ տեղեկատվական բաժանմունքի պետ Վաչե Հովսեփյանը: Հարցերի շուրջ ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում ոստիկանության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները՝ յուրաքանչյուր խնդրի առնչությամբ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ և նկատառումներ: Հանդիպման ընթացքում կարևորվեց այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծի, բայց միևնույն ժամանակ հնարավորություն կտան կատարելու անհրաժեշտ դիտարկումներ` խնդիրները կանոնակարգելու նպատակով: Օրակարգում քննարկման դրված մի շարք հարցեր տարբեր ոլորտների իրավասության շրջանակներում էին, ուստի խորը և համակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց շահագրգիռ գերատեսչություններում մասնագիտական քննարկումներ անցկացնել և առաջարկությունների ու առարկությունների դեպքում դրանք ներկայացնել ոստիկանություն: Ամփոփելով հանդիպումը` Ռաֆայել Զաքարյանը նշեց, որ աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում արծարծված հարցերն ու կատարված աշխատանքների արդյունքները կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր